Խաչատուրովի համար սահմանը հատելու արգելքը վերացվել է

Խաչատուրովի համար սահմանը հատելու արգելքը վերացվել է

PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, լսելով կողմերի դիրքորոշումը, որոշել է բավարարել միջնորդությունը՝ վերացնելով ՀԱՊԿ նախկին քարտուղար, ԳՇ նախկին պետ, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովի սահմանահատումների արգելքը։ Այդ մասին դատական նիստից հետո դատարանը կտեղեկացնի համապատասխան մարմիններին, գրում է Panorama.am-ը։

Վերաքննիչ քրեական դատարանը օգոստոսի 30-ին շարունակել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքների գործով լսումները:

Մինչ բողոքների քննությանն անցնելը, դատավորը հայտարարել է, որ Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը դիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել իր պաշտպանյալի՝ ՀՀ սահմանը հատելու սահմանափակումները։

Դիմումում նշվում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Խաչատուրովի և մյուսների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է, սակայն Խաչատուրովի ազատ տեղաշարժման իրավունքը շարունակաբար սահմանափակված է մնում, քանի որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։

Պաշտպանության կողմը միացել է միջնորդությանը, մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը չի առարկել միջնորդությանը:

Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---