ՄԻՊ-ի առաջարկը՝ ընդլայնել ընտանեկան պայմաններից ելնելով զորահավաքի ոչ ենթակա անձանց ցանկը

ՄԻՊ-ի առաջարկը՝ ընդլայնել ընտանեկան պայմաններից ելնելով զորահավաքի ոչ ենթակա անձանց ցանկը

PanARMENIAN.Net - Զորահավաքի, վարժական հավաքների և զորավարժություններին ներգրավելիս оրենքը խիստ սահմանափակ է հաշվի առնում կամ գրեթե հաշվի չի առնում կոնկրետ կատեգորիայի անձանց ընտանեկան հանգամանքները. ընտանեկան պայմաններից ելնելով՝ զորահավաքային զորակոչից ազատվում են միայն նրանք, ովքեր ունեն չորս և ավելի երեխա, ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ։

Առաջարկվում է ընդլայնել ընտանեկան պայմաններից ելնելով զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց ցանկը:

Նշվում է, որ ի տարբերություն պարտադիր զինծառայության զորակոչի, զորահավաքից ազատման ենթակա անձանց մասով օրենսդրի մոտեցումը չհիմնավորված խիստ է: Պաշտպանի գնահատմամբ՝ այդ անձանց շրջանակը վերանայման կարիք ունի:

Պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ հնարավոր են նաև այլ դեպքեր, երբ անձին զորահավաքի ներգրավելը նույնպես լինի չարդարացված: Օրինակ՝ անձը ունենա ոչ թե 4 կամ ավելի երեխա (ինչպես պահանջվում է օրենքով՝ զորահավաքից ազատվելու համար), այլ ունենա առանց մոր մեծացող 3 անչափահաս երեխա կամ հաշմանդամություն ունեցող ծնողներ:

Ըստ ՄԻՊ-ի, նկատի ունենալով, որ սահմանված չէ որևէ մեխանիզմ, որը հնարավորություն կտա հաշվի առնել իրականում ավելի բարդ ընտանեկան պայմանները՝ անհրաժեշտ է ստեղծել նման կառուցակարգեր՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքով անհատական մոտեցում ցուցաբերելու համար:

Նշվում է, որ պրակտիկ դեպքերը նույնպես հաստատում են Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրումն առ այն, որ ընտանեկան պայմաններից ելնելով զորահավաքային զորակոչի ոչ ենթակա քաղաքացիների վերաբերյալ գործող օրենսդրական կարգավորումը խնդրահարույց է:

«Անհրաժեշտ է խնդրին տալ ինստիտուցիոնալ լուծում՝ օրենքի հստակ կարգավորմամբ: Օրենքի սահմանափակ կարգավորումը պրակտիկայում առաջացնում է խնդիրներ, և այս պարագայում անհրաժեշտ է կա՛մ վերանայել զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը (և չսահմանափակվել միայն 4 երեխա ունեցողներին զորահավաքից ազատելով), կա՛մ նախատեսել այդպիսի անհատական դեպքերի վերհանման ու գնահատման մեխանիզմ, պարբերաբար ճշգրտել և թարմացնել այն տվյալները, որոնց հաշվառմամբ էլ որոշել, թե ով է ենթակա լինելու հնարավոր զորահավաքային զորակոչի, ով՝ ոչ:

Հետևաբար, առաջարկվում է ընդլայնել ընտանեկան պայմաններից ելնելով զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց ցանկը կամ, որպես այլընտրանք, ներդնել անհատական (ճկուն) մոտեցում ցուցաբերելու հստակ կառուցակարգեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ընտանեկան պայմանները հաշվի առնելու օրենսդրական համապատասխան կարգավորումներ բացակայում են նաև քաղաքացիներին վարժական հավաքների և զորավարժությունների ներգրավելիս:

Նշվում է, որ ընտանեկան պայմաններից ելնելով զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակի որոշման հետ կապված Պաշտպանի առաջարկը հավասարապես վերաբերելի է նաև վարժական հավաքների և զորավարժությունների ներգրավման գործընթացին:

Առաջարկները պաշտոնապես կուղարկվեն ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, ինչպես նաև Պաշտպանության և Արդարադատության նախարարություններ։

ՀՀ-ում օգոստոսի 25-ին մեկնարկել են պահեստազորայինների եռամսյա վարժանքները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---