Միրզոյան․ Հայկական կողմը հետևողականորեն առաջ է մղելու արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացումը

Միրզոյան․ Հայկական կողմը հետևողականորեն առաջ է մղելու արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացումը

PanARMENIAN.Net - Հայկական կողմը հետևողականորեն առաջ է մղելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը։ Այդ մասին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը լավ հայտնի սկզբունքների հիման վրա, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն:

«Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո համանախագահները հանդես են եկել մի շարք հայտարարություններով: Հայկական կողմը ողջունել է այդ հայտարարությունները՝ համարելով, որ դրանք տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզ են:

Ադրբեջանի կողմից նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների չկատարումը, առաջին հերթին՝ բոլոր ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձման վերաբերյալ, Ադրբեջանի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ տարածքային կեղծ նկրտումները և, ընդհանուր առմամբ, ադրբեջանական իշխանությունների մշտական ագրեսիվ հռետորաբանությունը ոչ մի կերպ չեն նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղությանը նպաստող մթնոլորտի հաստատմանը»,-ասել է ԱԳ նախարարը:

Միրզոյանն ասել է, որ հայկական կողմը ողջունում է ՌԴ միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ:

«Բոլորի համար ակնհայտ է, որ ուժի կիրառումը որևէ կերպ չի կարող լինել հակամարտության կարգավորում, որի վերջնական, համապարփակ և կայուն լուծումը պետք է հիմնված լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից մշակված և կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների վրա։ Եվ սա ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիրքորոշումն է, որոնք հանդես են գալիս համանախագահության միասնական ձևաչափում։ Դա միջազգային հանրության դիրքորոշումն է»,-ասել է Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանն իր առաջին արտասահմանյան այցը կատարել է ՌԴ, որտեղ հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---