Սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետության օրն է․ Ուղերձներ են հղել վարչապետը, Արցախի և ՀՀ նախագահները

Սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետության օրն է․ Ուղերձներ են հղել վարչապետը, Արցախի և ՀՀ նախագահները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին նշվում է Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյա տարեդարձը, որի կապակցությամբ ուղերձներ են հղել Արցախի և ՀՀ նախագահները, ՀՀ վարչապետը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության օրվա առթիվ հղած ուղերձում նշել է, որ պատմական պարտավորություն ունենք՝ կերտել Արցախի Հանրապետությունը։

«Սեպտեմբերի 2-ը կարևորագույն օր է մեր կյանքում: 30 տարի առաջ Ստեփանակերտում գումարված՝ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Պետականաշինության ճանապարհին մենք մեծ ձեռքբերումներ ու կորուստներ ենք ունեցել:

Խոնարհվում եմ հանուն հայրենիքի ընկած նահատակների հիշատակի առջև: Անդառնալի են մարդկային կորուստները, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող: Մենք պատմական պարտավորություն ունենք՝ ապրել ու արարել մեր սեփական հայրենիքում, կերտել Արցախի Հանրապետությունը՝ առաջնորդվելով մեր ազգային արժեքներով և միջազգայնորեն ամրագրված իրավունքներով: Շնորհավո՜ր Արցախի Հանրապետության օրը»,-ասվում է ուղերձում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում ասվում է, որ 30 տարի առաջ այս օրը Արցախի ժողովուրդը, իր իշխանության օրինական մարմինների կողմից ընդունված հռչակագրի միջոցով, հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման մասին։

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է։ Այն չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով։ Այդ իսկ պատճառով միջազգային բոլոր հարթակներում մենք այսօր պնդում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ։ Դա են փաստում նաև համանախագահ պետությունների հայտարարությունները։ Հակամարտությունն սպասում է իր համապարփակ կարգավորմանը՝ խաղաղ գործընթացի միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված և պաշտպանվող հանրահայտ սկզբունքների հիման վրա։

Գործընթացի արդյունքում պետք է վերջնական հստակեցում ստանա Արցախի կարգավիճակը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Մինսկի խմբի համանախագայության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսումը նաև նշանակալից գործոն կդառնա տարածաշրջանում կայունության հաստատման և պահպանման համար»,-ասվում է վարչապետի ուղերձում։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում ասվում է, որ Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակը դիմավորում ենք բարդագույն ժամանակահատվածում՝ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված դժվարին իրավիճակում:

«Մենք կանգնած ենք համահայկական փորձության առջև, որը հաղթահարելու համար վերստին անհրաժեշտ է համազգային միասնություն ու համախմբում:

Մեր պատմության մեջ, Հայկական աշխարհի համար Արցախն ու արցախցին միշտ էլ առանձնահատուկ դերակատարություն են ունեցել: Այդպես է նաև այսօր, երբ մեր ժողովրդի համար սկսվել է նոր մարտահրավերներով լի ժամանակահատված: Մենք այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք»,-ասվում է ուղերձում։

1991-ի սեպտեմբերի 2–ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրապետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց:

1991-ի դեկտեմբեր 10–ին՝ Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Արցախում տեղի ունեցավ հանրաքվե, որի ընթացքում Արցախի բնակչությունը «այո՛» պատասխանեց «Համաձա՞յն եք, արդյոք, որ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի այլ պետությունների ու հասարակությունների հետ համագործակցության ձևերն ինքնուրույն որոշող անկախ պետություն» հարցին: «Այո» էր պատասխանել հանրաքվեի մասնակից քաղաքացիների 99,89%–ը (108.615 մարդ):

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---