Քոչարյանն ու Սարգսյանը ուղերձ են հղել Արցախի անկախության օրվա առթիվ

Քոչարյանն ու Սարգսյանը ուղերձ են հղել Արցախի անկախության օրվա առթիվ

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ուղերձ են հղել Արցախի անկախության օրվա առթիվ:

Քոչարյանն իր ուղերձում, դիմելով արցախցիներին, շեշտել է, որ այսօր Արցախի պետականության պահպանման գրավականը նրանց՝ սեփական հողի վրա ապրելու և այն շենացնելու անկոտրում կամքն է։

«44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը ծանրագույն կորուստներ կրեց և հիմա գտնվում է մեծ անորոշությունների առջև․․․Վստահ եմ, որ գիտակցում եք ստեղծված իրավիճակի լրջությունը։ Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար»,-ասվում է գրառման մեջ:

Սարգսյանը, անդրադառնալով Արցախյան առաջին և 44-օրյա պատերազմներին, գրել է․«Դարձյալ կհաղթեինք, եթե մինչ 44-օրյա պատերազմը չվարկաբեկեին մեր բանակը, կադրային ջարդ չիրականացնեին զինված ուժերում, փորձառու հրամանատարներին չփոխարինեին հարմարվողականներով, ապաշնորհ ձևով չկառավարեին պատերազմը, հայ ժողովրդին պատերազմի ամբողջ ընթացքում հաղթանակի սուտ խոստումներ չտային, իսկ հետո չկոտրեին ոգին ու թշնամուն չհանձնեին մեր հայրենիքի մի մասը, չզոհեին հազարավոր մեր զավակներին, անտերության չմատնեին գերեվարված հարյուրավոր մեր հայրենակիցներին:

30 տարի առաջ Արցախը կայացրել է իր պատմական որոշումը, և նրա կարգավիճակը Ադրբեջանի կազմից դուրս անվտանգ ապրելն է, ինչի իրավունքը, անկասկած, արցախահայությունն էլ ունի:

Կարգավիճակի շուրջ բանակցությունները պետք է միտված լինեն այս պարզ իրավունքը միջազգայնորեն ամրագրելուն` վերականգնելով արդարությունը իրավական ու պատմական տեսանկյունից, և ոչ հեռավոր անցյալի իրադարձությունները աչքի առաջ ունենալով` փրկել Արցախը հայաթափումից կամ իր իսկ բնօրրանում բնաջնջվելուց:

․․․Դա հնարավոր է, միանգամայն հնարավոր է, և դա մենք քանիցս ապացուցել ենք մեր հազարամյա ու նորագույն պատմության ընթացքում»:

Սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետությունը նշում է Անկախության օրը։ 1991 թ.-ի սեպտեմբերի 2-ին, Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) ու Շահումյանի շրջանի պատգամավորների համատեղ նստաշրջանին հռչակվեց Արցախի անկախությունը ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանի սահմաններում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---