Լավրովը հիշել է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը․ «Այնքան էլ չէի հավատում առանց նախապայմանների տարբերակին»

Լավրովը հիշել է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը․ «Այնքան էլ չէի հավատում առանց նախապայմանների տարբերակին»

PanARMENIAN.Net - Մոսկվայում «Նոր գիտելիք» կրթական մարաթոնի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մանրամասներ է պատմել 2009-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ընթացքի մասին։ Նա նշել է, որ այն ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, որ այնքան էլ չի հավատում առանց նախապայմանների ստորագրմանը և պատմել է հայ նախարարին ուղղված իր երկտողի մասին։

Մարաթոնի մասնակիցներից մեկը, հիշեցնելով այդ երկտողի բովանդակությունը՝ «Էդվարդ, համաձայնվիր արարողակարգին առանց հայտարարությունների», հարցրել է, թե ինչպես այդ 6 բառը համոզեց Նալբանդյանին։

Լավրովը պատմել է, որ դեռևս 2008-ին հայ գործընկերները պատմել էին, որ թուրքական կողմն առաջարկում է պայմանավորվել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, հարաբերությունների կարգավորման, փոխգործակցության և համատեղ նախագծերի իրականացման մասին։ Ռուսական կողմը ևս հավանություն էր տվել այդ գաղափարին, սակայն, հարցրել էր՝ կա՞ն արդյոք նախապայմաններ։ Պարզվել էր, որ նախապայմաններ չկան։

«Գործը հասավ ստորագրմանը, դա նախատեսվում էր Ցյուրիխում, անշուշտ, Հայաստանի և Թուրքիայի նախարարների մասնակցությամբ: Ժամանել էին նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Եվրամիության ներկայացուցիչը, ձեր խոնարհ ծառան ու ևս ինչ-որ մեկը: Մենք պետք է այդ կարևոր իրադարձության վկաները լինեինք, սակայն ստորագրելուց առաջ մեր թուրք գործընկերներն ասացին, որ կստորագրեն արձանագրությունները, եթե վերապահում արվի Լեռնային Ղարաբաղի հարցով: Վերապահման տեքստը հակասում էր Հայաստանի դիրքորոշմանը: Եվ ես ասացի Նալբանդյանին, որ այնքան էլ չէի հավատում, որ հնարավոր կլինի առանց նախապայմանների ստորագրումը: Բայց մենք հայտնվել էինք այնտեղ, որտեղ հայտնվել էինք»,-ասել է Լավրովը։

Նա նշել է, որ բոլորն արդեն եկել էին․․․և՝ փակուղի։

«Արդյունքում թուրք գործընկերը համաձայնվեց հանել այդ ֆորմալ պայմանը, սակայն հայ գործընկերներն ասացին, որ պետք է հայտարարություն անեն՝ շարադրելով ՀՀ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Այդ ժամանակ թուրք նախարարն ասաց, որ եթե հայտարարություն անեք, ես էլ հայտարարություն կանեմ: Մենք նստած ֆուտբոլ էինք նայում, իսկ երկու նախարարները վիճում էին մինչև ուշ գիշեր»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ արդեն հասկանալի էր, որ ինչ-որ կերպ պետք է դուրս գալ այդ իրավիճակից։

«Եվ ես Նալբանդյանին երկտող գրեցի, որպեսզի նա չպնդի հայտարարության հարցում։ Այդպես էլ եղավ»,-ասել է Լավրովը։ Նա նշել է, որ արդյունքում փաստաթղթերը ստորագրվեցին, սակայն ավելի ուշ «կորան» նույն պատճառով, քանի որ կողմերը տարբեր տեսակետներ ունեին ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Լավրովը հավելել է, որ այժմ, երբ պատերազմը Լեռնային Ղարաբաղում ավարտվել է, կան հիմքեր ապաշրջափակելու համար քաղաքական գործընթացը, տրանսպորտային և տնտեսական կապերը՝ «տրամաբանական կլիներ, որ ՀՀ-ն և Թուրքիան վերսկսեին հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը»։

Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ամենաակտիվ կերպով սատարել դրան։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---