20 մարտի 2009 - 19:41 AMT
Հայաստանում եւ Ադրբեջանում դժգոհ են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունից
Թե' Հայաստանում, եւ թե' Ադրբեջանում դժգոհ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունից: Հակամարտությունը ձգձգվում է օբյեկտիվ պատճառներով: Երեւանի ու Բաքվի դիրքերը խիստ տարբերվում են, եւ հակամարտության կարգավորմանը մոտ ապագայում սպասելն անիրական է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բավական բարդ է, եւ դրա լուծման համար կարող է շատ ժամանակ պահանջվել: Ներկայիս բանակցային գործընթացը պարզապես կանխում է ռազմական գործողությունների վերսկսումը հակամարտության գոտում: Միջնորդները կգնան, նրանց փոխարեն կգան նորերը: Մենք պետք է գիտակցենք, որ հակամարտությունը մեր օգտին կլուծվի միայն այն դեպքում, եթե մենք հզոր երկիր դառնանք, որտեղ ժողովրդավարություն կհաստատվի եւ մարդու իրավունքները կդառնան բարձրագույն արժեքը»,- նկատեց հայ քաղաքագետը:

Երվանդ Բոզոյանի խոսքով, ղարաբաղյան հակամարտության` Հայաստանի համար նպաստավոր կարգավորման հասնելու համար հարկավոր է տարածաշրջանում ամրապնդել հայամետ գործոնը: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը խոշոր խաղ է: Որպեսզի դրանում հաղթենք, Հայաստանը պետք է զարգանա եւ չհամեմատի իրեն Ադրբեջանի հետ: Իհարկե, Բաքուն բնական ռեսուրսներ ունի, որոնք չունենք մենք, բայց մեր առավելությունը մարդկային ռեսուրսներն են: Ճիշտ օգտագործելով դրանք` մենք կկարողանանք Հայաստանը դարձնել հզոր ու զարգացած երկիր»,- նկատել է Բոզոյանը: