ՀՀ-ն երրորդ անգամ կհյուրընկալի միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը»

ՀՀ-ն երրորդ անգամ կհյուրընկալի միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը»

PanARMENIAN.Net - Հոկտեմբերին Հայաստանը երրորդ անգամ կհյուրընկալի միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը» (Summit of Minds):

Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» 2019-ից հյուրընկալվում է նաև Հայաստանում: Այդ տարի միջոցառումն առաջին անգամ անցկացվել է Շամոնիից դուրս և ստացել «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումը:

Հոկտեմբերի 23-24-ը Դիլիջանում նախատեսված երրորդ «Մտքերի հայկական գագաթնաժողովը» անցկացվելու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, գլխավոր գործընկերներն են The Monthly Barometer հեղինակավոր վերլուծական հանդեսը և ՀՀ կենտրոնական բանկը: Այս տարվա հիմնական թեմաները վերաբերելու են հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող աշխարհաքաղաքականությանը և տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների զարգացմանը 21-րդ դարում: Զեկույցներով հանդես կգան տարբեր երկրներ ներկայացնող հայտնի բանախոսներ:

Գագաթնաժողովի մասնակիցների հետ վերջերս կայացած առցանց հանդիպմանը նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել էր. «Հայաստանի ունեցած ամենակարևոր ռեսուրսը մարդն է: Ես նրանցից մեկն եմ, ովքեր հավատում են, որ մարդկային ռեսուրսները շատ ավելի հարուստ, կարևոր ու հզոր բնական պաշարներ են, քանի որ դա է ապագան, դա է 21-րդ դարը»:

Հայաստանում նման միջոցառման անցկացումը, գործարար, գիտական ու քաղաքական բնագավառները ներկայացնող ազդեցիկ անհատների և առաջնորդների այցերը մասնավորապես կնպաստեն մեր երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը, հնարավոր ներդրումների ներգրավմանը:

«Մտքերի գագաթնաժողովն» այս տարի կանցկացվի մի քանի երկրում: 2021թ. սեպտեմբերին Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կքննարկվեն համաշխարհային հիմնական մակրոխնդիրները. տնտեսություն, աշխարհաքաղաքականություն, հասարակություն, շրջակա միջավայր և տեխնոլոգիա, դրանց զարգացումն առաջիկա տարիներին և հավանական ազդեցությունը ներդրումային ու բիզնես որոշումների վրա:

Հոկտեմբերին գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում, իսկ նոյեմբերին՝ Կանադայում: Նախատեսվում է, որ հաջորդ տարի գագաթնաժողովը տեղի կունենա նաև ԱՄՆ-ում:

Արդեն ավանդական դարձած «Մտքերի հայկական գագաթնաժողովը» հայկական յուրօրինակ բրենդ է դարձել: Դրա կազմակերպման մասին բացառիկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս 2018-ի սեպտեմբերին, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ամենամյա «Մտքերի գագաթնաժողովին»:

Առաջին «Մտքերի հայկական գագաթնաժողովը» (Armenian Summit of Minds), որն անցկացվեց 2019-ին Դիլիջանում, բավականին դրական արձագանքներ ունեցավ: Մասնակիցների թվում էին անվանի ու ազդեցիկ մոտ 300 քաղաքական ու պետական գործիչներ տարբեր երկրներից:

Երկրորդ «Մտքերի հայկական գագաթնաժողովը» 2020-ին հոկտեմբերին կորոնավիրուսի համավարակի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով անցկացվել է հեռավար: Գագաթնաժողովի կազմակերպիչներն ու մասնակիցները գլոբալ մարտահրավերների համատեքստում անդրադարձել են Ադրբեջանի ռազմական ագրեսիային:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---