«Քայլտեքի» համահիմնադիր․ Պետք է վերականգնել արտադրական Հայաստանը

«Քայլտեքի» համահիմնադիր․ Պետք է վերականգնել արտադրական Հայաստանը

PanARMENIAN.Net - Հանրապետությունում կան հենաշարժողական խնդիր ունեցող բազմաթիվ զինհաշմանդամներ, ովքեր ունեն էլեկտրական կցորդիչի և քայլաբերի վրա մարզումներ իրականացնելու անհրաժեշտություն։ «Քայլտեք» ընկերությունը գործընկերոջ՝ Ակբա բանկի աջակցությամբ կպատրաստի և նրանց կտրամադրի հայկական արտադրության կցորդիչներ:

Վարդանը խոստանում է՝ քայլելու է։ Ավագ լեյտենանտի հրամանատարությամբ խոցվել է թշնամու ՏՕՍ համակարգերից մեկը։ Վարդանն էլ վիրավորվել է ԱԹՍ-ի հարվածից։

Վարդանն իր զինվորների հետ մասնակցել է Արցախի պաշտպանությանը։ Վիրավորումից հետո վերականգնողական բուժում է ստացել Զինվորի տանը։ Այժմ էլ բուժումը շարունակվում է հայկական արտադրության քայլաբերով։

«Սարքերը մեր կյանքի որակը բարձրացնում են ու բուժումն արագացնում»,- պատմում է Վարդան Վարդանյանը։

«Քայլտեք» ընկերության քայլաբերը վերականգնում է քայլքի ֆունկցիան՝ կանխելով հաշմանդամության հետ զուգահեռ զարգացող ավելի քան 30 հիվանդություն։

«Քայլտեքի» համահիմնադիր Դավիթ Արսենյանը մասնագիտությամբ կինեզիոլոգ է։ 2016թ.-ի քառօրյա պատերազմից հետո ընկերների հետ աշխատում էր վիրավորում ստացած տղաների հետ։ Այդ ժամանակ էլ որոշեցին ստեղծել ընկերությունը՝ արտադրելով սարքեր, որոնց միջոցով տղաները կկարողանան բուժումը շարունակել նաև տնային պայմաններում։

«Քանի որ մենք չենք կարող ամբողջ տարի բոլորին պահել ռեաբիլիտացիոն կենտրոններում, գաղափար առաջացավ ստեղծել սարքավորումներ, որոնցով կկարողանան ինքնուրույն պարապել»,- նշել է «Քայլտեքի» համահիմնադիր Դավիթ Արսենյանը։

Դավիթը Վարդանի հետ փորձարկում է անվասայլակի էլեկտրական կցորդիչի հզորությունն ու ուժը։ Էլեկտրական կցորդիչը արտադրված է Հայաստանում։ Այն միանում է անվասայլակին և դառնում էլեկտրական ինքնագնաց։ Այսպես լուծվում են տարբեր խնդիրներ։ «Քայլտեքը» գործընկերոջ՝ Ակբա բանկի աջակցությամբ կպատրաստի և նրանց կտրամադրի հայկական արտադրության կցորդիչները:

«Ակբայի հետ համագործակցության ընթացքում մենք մի քանի հատ կցորդիչ ենք արտադրել ու մնացածն էլ կփորձենք փակել։ Բանկը գործընկեր է, որի միջոցով կարողացանք ֆինանսավորում ունենալ և մեր ունեցած պրոդուկտները հասցնել զինհաշմանդամներին»,-նշել է «Քայլտեքի» համահիմնադիր Դավիթ Արսենյանը։

Շուտով պատրաստ կլինի նաև «Քայլտեքի» հայկական արտադրության առաջին սկուտերը և դուրս կգա վաճառքի։ Ստացված գումարը ուղղվելու է վերականգնողական սարքավորումների պատրաստմանը։ «Քայլտեքում» որոշել են նախագծել նաև էլեկտրական մեքենա։ Դավիթը վստահ է, որ Հայաստանն արտադրողական մեծ պոտենցիալ ունի, որը պետք է ճիշտ օգտագործել։ Հայաստանը համաշխարհային քարտեզին պետք է դիրքավորել որպես տեխնոլոգիական երկիր։

«Քայլտեքի» ուժը ոգեշնչված ու նվիրված թիմն է, ովքեր աշխատում են հանուն մեկ նպատակի և արդյունքի։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---