9 սեպտեմբերի 2021 - 14:07 AMT
Ազգային-ժողովրդավարական բևեռը վերսկսում է ակտիվ պայքարը

Ազգային-ժողովրդավարական բևեռը վերսկսում է ակտիվ պայքարը։ Այդ մասին ասվում է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի հայտարարության մեջ։

Բևեռը բոլորին հանրահավաք-երթի է հրավիրում, որը հոկտեմբերի 1-ին ժամը 18:00-ին կմեկնարկի Ազատության հրապարակից։

«Պահի ընտրությունը պայմանավորված է այն հրամայականով, որ հայ ազգը պետք է ամեն կերպով խափանի դավաճանական ռեժիմի ձեռքով առաջիկա ամիսների ընթացքում պետականակործան փաստաթղթերի կնքումն ու իրագործումը` ի վերջո նպատակ դնելով հեռացնելու ռեժիմին և կազմավորելու ազգային անցումային կառավարություն։

Պայքարին մասնակցող մեր հայրենակիցներին կոչ ենք անում նկատի առնել, որ ընթացքը լինելու է բարդ, դժվարին և համեմատաբար երկարատև, ուստի անհրաժեշտ է լինել տոկուն և համբերատար։

Համոզված ենք, որ մեր համախմբված պայքարի շնորհիվ Հայաստանը հաղթահարելու է լինել-չլինելու ներկայիս մարտահրավերը և վերածնվելու է որպես քաղաքակիրթ երկրների ընտանիքի լիիրավ ու արժանապատիվ անդամ»,-ասվում է հայտարարության մեջ։

Ազգային ժողովրդական բևեռը ձևավորվել է 2020 թվականի մայիսին, հիմնադիրներից են Կանադայում ՀՀ նախկին արտաարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը, «Սասնա ծռերի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, երաժիշտ Եղիշե Պետրոսյանը։