Ok.ru-ի միջոցով 6 անձ մոտ 11 մլն դրամի հափշտակություն է կատարել

Ok.ru-ի միջոցով 6 անձ մոտ 11 մլն դրամի հափշտակություն է կատարել

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի գործողությունների արդյունքում պարզվել են մի խումբ անձանց կողմից՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ մոտ 11 մլն դրամի հափշտակություն կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու 168 դեպքի հանգամանքնեը:

Պարզվել է, որ Կապանի 30 և 28-ամյա բնակիչները, մի խումբ համաքաղաքացիների հետ նախնական համաձայնությամբ, 2019թ. փետրվարի 28-ից մինչև 2020թ. հուլիսի 9-ը ok.ru սոցկայքի օգտատերերի էջերից բեռնել են վերջիններիս էջերի լուսանկարները և տվյալները, որոնց միջոցով նույն կայքում ստեղծել են կեղծ էջեր՝ դրանք նմանեցնելով վերոնշյալ օգտատերերի իրական էջերին:

Իրական էջերի օգտատերերի անունից տղամարդիկ նամակագրություն են վարել իրական էջերի ընկեր անձանց հետ, նրանց քարտային հաշիվներին գումարներ փոխանցելու պատրվակով, խաբեությամբ ստացել են նրանց կամ նրանց մտերիմների բանկային քարտերի տվյալները, ինչպես նաև՝ քարտային հաշիվներին փոխկապակցված բջջային հեռախոսահամարներին ստացված գաղտնաբառերը՝ ներկայացնելով դրանք որպես իրենց կողմից փոխանցվող գումարի հաստատման գաղտնաբառ:

Արդյունքում՝ մի շարք անձանց քարտային հաշիվներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 10,914,540 դրամ գումար:

Գումարն օրինականացնելու նպատակով, նրա նք ok.ru-ում գրանցված օգտատերերից խաբեությամբ ստացել են նրանց բջջային հեռախոսահամարները և այդ հեռախոսահամարներին ՀՀ և ՌԴ-ում գործող էլեկտրոնային դրամապանակներ ակտիվացնելու նպատակով ստացված գաղտնաբառերը:

Այնուհետև ՀՀ և ՌԴ տարածքներում գրանցել են էլեկտրոնային դրամապանակներ և հաշվառման հաշիվներ։ Հափշտակված միջոցները կենտրոնացնելով իրենց կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակների հաշիվներում՝ հանցավոր խմբի անդամները դրանք փոխանցել են ՌԴ-ում գործող էլեկտրոնային դրամապանակներին և բանկային քարտերի հաշիվներին։

Բացի այդ, Կապանի 30 և 28-ամյա բնակիչները կատարել են բազմաթիվ փոխանցումներ՝ օրինականացնելով վերոնշյալ գումարը, ապա տիրապետել, օգտագործել ու տնօրինել են այն:

Երկու տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ խմբի 4 անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով: 30-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ մյուս 5-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---