Եղեգիսի հիմնական բոլոր փողոցները լուսավորվել են

Եղեգիսի հիմնական բոլոր փողոցները լուսավորվել են

PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված աշխատանքները: Բավականին բարդ պայմաններում՝ 2020թ․-ի աշնանն են իրականացվել նաև Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում լուսավորության էներգախնայող համակարգի ներդրման աշխատանքները։

Եղեգիս գետի ձախ ափի սարալանջին փռված՝ համանուն գյուղի հիմնական բոլոր փողոցները լուսավորվել են Վիվա-ՄՏՍ-ի և FPWC ջանքերով: Տեղադրված ԼԵԴ լուսարձակները թույլ են տալիս խնայել ռեսուրսները, համայնքային բյուջեի միջոցների մի մասն ուղղել այլ խնդիրների կարգավորմանը և գիշերային ժամերին կանխել վայրի կենդանիների հնարավոր մուտքը: Ծրագիրն ունի նաև բնապահպանական բաղադրիչ:

2020-ի ընթացքում, Եղեգիս համայնքում տեղադրվել է 41 ԼԵԴ լուսարձակ, լուսավորվել է մոտ 1․5 կմ երկարությամբ ճանապարհահատված։ Աշխատանքները չեն դադարել նաև ընթացիկ տարում: Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը տրվել է: Նախատեսվում է մինչև տարեվերջ, 1․9 կմ երկարությամբ ճանապարհահատված լուսավորելու համար, տեղադրել ևս 50 ԼԵԴ լուսարձակ: Աշխատանքների ավարտից հետո, «Էկո գյուղերի ցանց» ծրագրում ընդգրկված Եղեգիսը գրեթե 90 տոկոսով լուսավորված կլինի:

Էներգախնայող հերթական համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը և այլք:

«Մինչև տարեվերջ մեզ կհաջողվի գրեթե ամբողջությամբ լուսավորել մի գյուղ, որի տարածքում 13-14-րդ դարերում եղել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայրը: Դա պատիվ է մեզ համար: Իսկ առհասարակ, ենթակառուցվածքների զարգացմանը նպաստելը միշտ թիրախային է եղել մեզ համար: Դա բխում է մեր ընտրած կառավարման մոդելի՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նպատակներից: Նման ծրագրերը կարևոր են և՛ երկրի համաչափ զարգացման, և՛ բնության ռեսուրսները խնայողաբար սպառելու տեսանկյունից: Ուրախ եմ հերթական արդյունքի համար: Դրա համար մեզանից պահանջվել է ճկուն կառավարում, ներդրումներ, համակարգված աշխատանք և համբերություն»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), չափազանց կարևոր են համարում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը՝ շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանն ու համայնքային զարգացմանը նպաստելու համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---