Որոտանում տեղակայված ադրբեջանցիներն իրանական բեռնատարների վարարոդներից պահանջում են $130 վճարել

Որոտանում տեղակայված ադրբեջանցիներն իրանական բեռնատարների վարարոդներից պահանջում են $130 վճարել

PanARMENIAN.Net - Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետի ծառայողները իրանական բեռնատարների վարորդներից պահանջում են կանխիկ $130 վճարել՝ «իրենց տարածքով անցնելու համար»։ Այդ մասին Սյունիքից հայտնել է ՍիվիլՆեթի թղթակից Գևորգ Թոսունյանը, որը զրուցել է իրանցի վարորդների հետ։

«Իրանցի վարորդները մեզ հայտնեցին, որ ադրբեջանցի ոստիկանները կանգնեցրել են իրենց և տեղեկացրել, որ իրենք մուտք են գործել ադրբեջանական տարածք։ Ադրբեջանցիները յուրաքանչյուր վարորդից պահանջել են 130 դոլար վճարել։ Այն բանից հետո, երբ վարորդներն ասել են, որ գումար չունեն, ադրբեջանցի ոստիկանները վերցրել վարորդների անձնագրի ու մեքենայի տվյալները և ասել՝ վերադառնալիս պետք է արդեն վճարված լինեն գումարները»,- պատմել է ՍիվիլՆեթի թղթակիցը։

Նշվում է, որ Կարմրաքարի, ինչպես նաև Որոտանի մոտ ադրբեջանցիները տեղադրել են եռալեզու մեծ ցուցանակ՝ «Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք» գրությամբ։

Ավելի վաղ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,- ասվում է ՀՀ ԱԱԾ հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---