ՄԻՊ․ Որոտանի ճանապարհին ադրբեջանական հենակետը, արգելապատնեշները, տեսախցիկները պետք է անհապաղ հեռացվեն

ՄԻՊ․ Որոտանի ճանապարհին ադրբեջանական հենակետը, արգելապատնեշները, տեսախցիկները պետք է անհապաղ հեռացվեն

PanARMENIAN.Net - Որոտանի ճանապարհին ադրբեջանական ոստիկանական հենակետը, արգելապատնեշներն ու տեսախցիկները, զինված ծառայողների տեղակայումը բացահայտ անիրավաչափ են և ենթակա են անհապաղ հեռացման։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով փաստահավաք աշխատանքների մանրամասները։

2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել:

ՄԻՊ փաստահավաք աշխատանքները բացահայտել են ճանապարհի այդ հատվածում մարդու իրավունքների կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝

1) Ադրբեջանական ոստիկանական հենակետի տեղակայումից հետո բացահայտվել է ճանապարհի նշված հատվածում տեղադրված ընդհանուր թվով 10 տեսախցիկ, որից միայն 2-ն է ուղղված ադրբեջանական զինծառայողների վրա:

«Այսինքն՝ ճանապարհի հսկողության համար տեղադրված է 8 տեսախցիկ, տեսախցիկներով ակնհայտ ֆիքսվում են բոլոր մեքենաների պետհամարանիշները, ուղևորների քանակը, նրանց ու վարորդների դեմքերը՝ հաշվի առնելով, որ տեղադրած արգելապատնեշների պատճառով էականորեն դանդաղել է մեքենաների արագությունը:

Փաստորեն, բացահայտ անիրավաչափ եղանակով հավաքվում են մարդկանց անձնական տվյալներ՝ այդ տվյալների միջազգային պաշտպանության կանոնների կոպիտ ոտնահարումով»,-նշվում է գրառման մեջ:

2) Ոստիկանական հենակետում մշտապես ծառայություն է իրականացնում ինքնաձիգներով ու այլ զինատեսակներով ցուցադրական զինված ադրբեջանական առնվազն 4 ծառայող, որոնք գերթե բոլոր դեպքերում դիմակավորված են՝ դեմքերն ամբողջությամբ փակված:

«Սա բացարձակ անթույլատրելի, բացահայտ ահաբեկող նշանակության հանդերձանք է: Ավելին, ադրբեջանական զինված ծառայողների դիմակավորված լինելը բացարձակ բարձրացնում է նրանց անօրինական արարքներ գործելու ռիսկը և ապահովում է անպատժելիություն»,-ասվում է գրառման մեջ:

3) Ադրբեջանական ոստիկանական հենակետի անմիջապես հարևանությամբ՝ ճանապարհի վրա տեղադրված են արգելապատնեշներ:

Ավելին, հենակետի զինված ծառայողները առանց որևէ օրինական հիմքերի կանգնեցնում են այդ ճանապարհով օրինական հիմքերով երթևեկող իրանական բեռնատարները։ Բացի այդ, վարորդներից առանց օրինական հիմքերի պահանջում են փաստաթղթեր ու տարբեր չափի դրամական մուծումներ: Ըստ ահազանգերի՝ իրանական վարորդները վճարել են մի դեպքում 3,000 դրամ, մյուս դեպքում՝ 10,000 դրամ, երրորդ դեպքում՝ 120 դոլար, չորրորդ դեպքում՝ 50 դոլար և այլն:

Ըստ մի շարք ահազանգերի՝ ադրբեջանական զինված ծառայողները Իրանի վարորդներին ներկայանում են, որ իրենք հայ են:

4) Ադրբեջանական իշխանությունները բացահայտ անիրավաչափ են տիրացել Որոտան բնակավայրի այն շենքին ու հարակից հողատարածքին, որտեղ տեղակայված են նրանց զինծառայողները:

«Այդ շենքն ու հողատարածքը սեփականության իրավունքով պատկանում է ՀՀ քաղաքացու: Նրա այդ իրավունքը հաստատված է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի 2013թ. օրինական վկայականով: Սա նշանակում է, որ ադրբեջանական որևէ տեսակի տեղակայում Որոտանի նշված շենքում կամ հողատարածքում անիրավաչափ է։

Նշվում է, որ պետք է հաշվի առնել նաև, որ մինչ օրս երկու պետությունների միջև տեղի չի ունեցել պետական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա:

«Սա նշանակում է, որ ադրբեջանական ոստիկանական հենակետի, արգելապատնեշների ու տեսախցիկների, ադրբեջանական զինված ծառայողների տեղակայումը ՀՀ Գորիս համայնքի Որոտան բնակավայրի հատվածում զուրկ է իրավական որևէ տիտղոսից: Ուստի, ադրբեջանական ոստիկանական հենակետը, արգելապատնեշներն ու տեսախցիկները, զինված ծառայողները պետք է անհապաղ հեռացվեն»,-ասվում է գրառման մեջ:

ՄԻՊ-ը սույն հաղորդագրությամբ ստեղծված վիճակի մասին տեղեկացրել է մջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ և այլն):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---