16 սեպտեմբերի 2021 - 13:00 AMT
Առաքելյան․ ՀՀ-ում օրական $1 մլն-ից ավելի խաղադրույք է արվում

2021թ առաջին կիսամյակում Հայաստանում կատարվել է 115 մլրդ դրամի խաղադրույք, այսինքն օրական կատարվում է 1 մլն դոլարից ավելի խաղադրույք։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ հավելելով, որ ոլորտի արգելումն այլընտրանք չունի։

«Բուքմեյքերական գործունեությունը շարունակում է մնալ մեր հասարակության գլխավոր չարիքներից մեկը։

Կառավարությունը նախաձեռնել է «Գովազդի մասին» օրենքում փոխոխությունների նախագիծ, որով ավելանում են բուքմեյքերների գովազդի սահմանափակումները։ Սակայն, գովազդային գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ արտաքին գովազդը, որի իբր թե արգելքը ամբողջ քաղաքը ողողել է նոր՝ փոքր գովազդային վահանակներով։ Ըստ այդմ, եթե ուզում ենք այս ոլորտի նկատմամբ էական խստացում ունենալ, անհրաժեշտ է արգելել նաև արտաքին գովազդն ամբողջությամբ՝ օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասից հանել մինչև 5 քմ արտաքին գովազդ տեղադրելու հնարավորությունը»,-ասվում է գրառման մեջ։

Վիճակախաղերի գովազդը հեռուստատեսությամբ և ռադիոյով սահմանափակող օրինագիծ է ընդունվել։ Մասնավորապես, սահմանվում է, որ յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի գովազդը`թույլատրվում է ժամը 22:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոյով՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում: