16 սեպտեմբերի 2021 - 14:04 AMT
Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները գյուրզայի խայթոցների դեմ հակաթույն են ստացել

ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները ստացել են գյուրզայի խայթոցների դեմ հակաթույն, հայտնում է ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունը։

«Գրանցումից հետո այս հակաթույնը կարող է ներկայանալ ներքին և արտաքին շուկա: Այն իր էֆեկտիվությամբ չի զիջում շուկայում առկա միջազգային արտադրողների դեղորայքին»,- ասել է գիտական խմբի ղեկավար, Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը:

Նա նաև նշել է, որ հետազոտությունների արդյունքում պարզել են՝ գյուրզայի թույնը դրսևորում է յուրահատուկ հակաքաղցկեղային և հականեյրոդեգեներատիվ հատկություններ:

«Տարածաշրջանում բնակվող գյուրզայի ենթատեսակն իր թույնի բաղադրության մեջ պարունակում է օբտուստատին ցածրամոլեկուլյար սպիտակուցը, որն ի վիճակի է կանգնեցնել ուռուցքի աճը՝ խախտելով մետաստազների բջիջների կապը միմյանց հետ: Այս թույնը դրսևորում է յուրահատուկ հակաքաղցկեղային և հականեյրոդեգեներատիվ հատկություններ, ինչը կարող է հիմք հանդիսանալ նոր տեսակի դեղորայքների մշակման համար»,- ասել է Նաիրա Այվազյանը:

Հետազոտություններում ներգրավված գիտնականների մեծ մասը երիտասարդ մասնագետներ և հայցորդներ են: Աշխատանքներում ներգրավվել են նաև ԵՊՀ մագիստրատուրայի ուսանողներ:

Արդյունքների մասին գիտական հոդվածներ են հրապարակվել հեղինակավոր գիտական հանդեսներում, մասնավորապես՝ Journal of Membrane Biolology, Journal of Venom Research, Journal of Biotechnology, Molecular Biology և այլն:

«Մեզ հետ կապ է հաստատել առավել խոշոր INOSAN ֆրանսիական հակաթույնի արտադրողը՝ խնդրելով ստուգել նաև իրենց արտադրանքի ակտիվությունը մեր էնդեմիկ օձատեսակների թույնի դեմ: Ռուսաստանյան գիտաժողովներն էլ հիմք են հանդիսացել նոր համագործակցության, որն արդեն 2021թ. ձևակերպվել է որպես Գիտության կոմիտեի Հայ-Ռուսական համատեղ դրամաշնորհային ծրագիր, որն այժմ իրագործման փուլում է»,- ասել է Նաիրա Այվազյանը:

Գիտական արդյունքներy ստացվել են Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում գործող բազային թեմայի շրջանակներում, ինչպես նաև ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինասավորված թեմատիկ ծրագրերի և ANSEF-ի դրամաշնորհային ծրագրերի շնորհիվ: