ՀՀ–ն մտադիր է ինտերնետի մալուխ անցկացնել Սև ծովի հատակով ու Վրաստանի տարածքով

ՀՀ–ն մտադիր է ինտերնետի մալուխ անցկացնել Սև ծովի հատակով ու Վրաստանի տարածքով

PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստվում է Վրաստանի տարածքով նոր ինտերնետային մալուխ անցկացնել։ Այդ մասին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ասել է Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Նրա խոսքով` այս որոշման համար հիմք է հանդիսացել ոչ միայն տեղեկատվական անվտանգության խնդիրը, այլև այն հանգամանքը, որ Բուլղարիայից Վրաստան եկող մալուխի սպասարկման մեջ նաև ադրբեջանական ընկերություն է ներգրավված։ Բանն այն է, որ վրացական ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, մալուխը սպասարկող Caucasus Online ընկերությունը վաճառվել է ադրբեջանական Nexol Holding ընկերությանը:

«Օպերատորների մեջ կա նաև ադրբեջանական կողմ։ Մենք պատերազմի ժամանակ որոշակի խնդիր ունեցանք։ Մենք սա գիտենք և արդեն հետաքրքրվել ենք, որ հնարավորություն կա նոր մալուխ անցկացնելու` Սև ծովի հատակով դեպի Վրաստան ու Հայաստան»,– ասել է Խաչատուրյանը։

Նոր մալուխը, նախարարի հավաստմամբ, արդեն զերծ կլինի ադրբեջանական ցանկացած միջամտությունից և կունենա առանձին, անկախ օպերատոր, ընդ որում` չի բացառվում, որ օպերատորը լինի հայկական ընկերություն։

«Կախված է նրանից, թե վրացական կողմը ինչ ձևով կցանկանա մասնակցել։ Այսօր իրենց հետ բանակցություններ չկան, բայց մենք կարող ենք բանակցել, և եթե ցանկություն լինի, կարող ենք նաև համատեղ իրականացնել այդ օպերատորական կառավարման աշխատանքը»,– ասել է Խաչատուրյանը։

Ինչ վերաբերում է ծրագրի ֆինանսական կողմին, նախարարի խոսքով` հանուն տեղեկատվական անվտանգության ապահովման` ՀՀ կառավարությունը չի խուսափում նաև սեփական միջոցներով իրականացնելու նախագիծը, բայց չի բացառվում, որ այդ նպատակի համար կօգտագործվի Եվրոպական միության կողմից առաջիկա 5 տարիների համար Հայաստանին հատկացվելիք 2.6 մլրդ եվրո աջակցությունը։

«Շատերը կարծում են, որ դա պարզապես գրանտ է լինելու։ Դա գրանտ չէ, մի մասը կարող է վարկ լինել, մի մասը` այլ եղանակով։ Մենք առաջարկեցինք, որ այդ հարցը քննարկենք ԵՄ–ի հետ, որովհետև դա Արևելյան գործընկերության տրամաբանության մեջ է։ Այսինքն` Եվրոպա, Հայաստան, Վրաստան ստանում են անկախ ինտերնետային մալուխ, որը կապահովի մեր անվտանգությունը»,– ասել է նախարարը։

Հայստանի ինտերնետ թրաֆիկի շուրջ 80 տոկոսն անցնում է Վրաստանի տարածքով։

2020թ–ի արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանի ինտերնետային կապն ապահովող մալուխը մի քանի անգամ վնասվել էր։ Առաջին վնասվածքը հայտնաբերվել էր դեռ սեպտեմբերի 28-ին Վրաստանի Մառնեուլի շրջանի Սադախլո գյուղում։ Վրացական կողմի պարազաբանմամբ` այս մալուխն ապահովում է ինչպես այդ շրջանի ինտերնետային կապը, այնպես էլ Հայաստանի ինտերնետ տրաֆիկը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---