ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ սահմանին լրագրողների նկարահանման արգելքը վիճարկելու հարցով

ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ սահմանին լրագրողների նկարահանման արգելքը վիճարկելու հարցով

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է ՍԴ պետական սահմանին լրագրողների տեսալուսանկարահանման արգելքը և այլ սահմանափակումներ վիճարկելու հարցով։

Նշվում է, որ սահմանային շերտի տարածքում տեսալուսանկարահանում իրականացնելու արգելքը խնդիրներ է առաջացրել լրագրողների համար՝ չսահմանելով թույլտվության չափանիշներ կամ կարգ, ինչը լուրջ խնդիրներ է առաջացրել նաև ՄԻՊ փաստահավաք աշխատանքների համար:

Դիմումով վիճարկվում են նաև քաղաքացիների համար նախատեսված այլ սահմանափակումներ (սահմանային շերտի տարածքում արածեցնել կենդանիներին, մոտենալ անմիջապես սահմանագծին, շփվել սահմանապահ վերակարգերի հետ և այլն):

«Դիմումով միջնորդել եմ կասեցնել վիճարկվող սահմանափակումների գործողությունը մինչև Սահմանադրական դատարանում գործի դատաքննության ավարտը, ինչպես նաև առաջնահերթություն տալ գործի քննությանը»,-ասվում է ՄԻՊ ֆեյսբուքյան գրառման մեջ:

Խոսքը վերաբերում է «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 22.1-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներին, ինչպես նաև վերջերս այդ հոդվածում կատարված փոփոխություններին։ Նշված սահմանափակումները չունեն բացառություն և վերաբերում են սահմանային շերտում սահմանապահ վերակարգերի անձնակազմերի հետ քաղաքացիների շփվելու, սահմանակից պետության սահմանապահ ուժերի ներկայացուցիչների և բնակիչների հետ զրուցելու արգելքին:

Նշվում է, որ օրենքի կարգավորումները 44-օրյա պատերազմից հետո մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց են դարձել։

«Օրենքի կարգավորումները խիստ անհավասար վիճակի մեջ են դնում ՀՀ ՄԻՊ-ին միջազգային հարթակներում և, հատկապես, Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի հետ համեմատ, քանի որ վերջինս, ի տարբերություն ՀՀ օմբուդսմանի, սահմանափակված չէ օրենսդրական որևէ արգելքով»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է նաև, որ հայաստանյան լրատվամիջոցները հաճախ են բախվում խնդիրների: Արձանագրվել են նաև տարբերակված մոտեցումներ՝ կապված միջազգային լրագրողների հետ: Ընդունելով հանդերձ միջազգային լրագրողների կարևոր դերն ու նշանակությունը ՀՀ պետական սահմանին տիրող իրավիճակի միջազգային լուսաբանման հարցում՝ պետք է, սակայն հստակ արձանագրել, որ միայն միջազգային լրատվամիջոցների լրագրողներին սահմանային շերտ մուտք գործելու թույլտվություն տալը խտրականություն է ՀՀ-ում գործող այն լրատվամիջոցների նկատմամբ։

Նշվում է նաև, որ սահմանափակումներին վերաբերող օրենսդրական նախագիծը ՀՀ ՄԻՊ կարծիքի չի ուղարկվել: Պաշտպանն իր դիրքորոշումը հայտնել է սեփական նախաձեռնությամբ, որը ևս հաշվի չի առնվել։

Նշվում է, որ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի կարգավորումները չեն կարող տարածվել ՄԻՊ պաշտպանի վրա, քանի որ ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ։

«Դիմումում կոնկրետ փաստերով հիմնավորել ենք, որ առկա սահմանափակումները հանգեցնում են անձնական ազատության, ազատ տեղաշարժվելու, կարծիքի արտահայտման ազատության, ՄԻՊ-ին դիմելու և Պաշտպանի աջակցությունը ստանալու սահմանադրական իրավունքներին պետության անհամաչափ միջամտության, ինչպես նաև իրավական որոշակիության և համաչափության սահմանադրական սկզբունքների ոտնահարման»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---