«Ռադիո Ավրորան» դադարեցնում է սփռումն Արցախում՝ իրավական անորոշությունների և խլացման պատճառով

«Ռադիո Ավրորան» դադարեցնում է սփռումն Արցախում՝ իրավական անորոշությունների և խլացման պատճառով

PanARMENIAN.Net - «Ռադիո Ավրորան» դադարեցնում է սփռումն Արցախում՝ իրավական անորոշությունների և ադրբեջանցիների կողմից հաճախականության պարբերաբար խլացման պատճառով, գրում է yerkir.am-ը։

«2015 թվականից ի վեր «Ավրորան» իր 100.7 հաճախականությամբ հեռարձակվել է արցախահայության և սահմանին կանգնած զինծառայողի համար՝ չհետապնդելով կոմերցիոն շահ։ Նպատակը եղել է տեղի բնակչությանը հայալեզու տեղեկատվությամբ ապահովելը։

Ռադիոկայանը Արցախի մեր հայրենակիցների և զինվորների համար լուսաբանել է ինչպես 2016-ի Ապրիլյան, այնպես էլ՝ 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքը, մինչև Շուշի բերդաքաղաքում թշնամու կողմից «Ավրորայի» հեռարձակման կայանի ռմբակոծումը։

Թեև կարճ ժամանակ անց ռադիոկայանին հաջողվեց վերականգնել հեռարձակումը, այնուամենայնիվ, այժմ, «Ավրորան» դադարեցնում է սփռումն Արցախում՝ պայմանավորված իրավական անորոշություններով և ադրբեջանցիների կողմից հաճախականության պարբերաբար խլացմամբ»,- ասվում է ռադիոկայանի հայտարարության մեջ։

Ավելի վաղ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, անդրադառնալով պատերազմից հետո առաջացած սոցիալական խնդիրներին, հայտարարել է, որ ԱՀ-ում կան բնակարաններ, որտեղ կապն ընդհանրապես բացակայում է։ Նա տեղեկացրել է, որ ադրբեջանցիները Շուշիի հատվածից խլացնում են սահմանային բնակավայրերի բջջային կապն ու ինտերնետի սփռումը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---