21 մարտի 2009 - 14:09 AMT
Եթե ԱՄՆ-ն միջուկային պետություն ճանաչի Իսրայելը, դա լուրջ հետեւանքներ կունենա
ԱՄՆ-ում հրապարակվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության գաղտնազերծված զեկույցը, որ պատրաստել է ԱՄՆ բանակի միավորված հրամանատարությունը եւ որը նվիրված է Իսրայելի միջուկային զենքին ու ՌԴ-ի հետ կապված սպառնալիքներին:

«Ապագայի միավորված ուժերի մարտահրավերներն ու հետեւանքները» զեկույցում ասվում է «միջուկային տերությունների աճող ակտիվության մասին, սկսած Իսրայելից արեւմուտքում եւ վերջացրած Իրանով, Պակիստանով, Հնդկաստանով, Չինաստանով, Հյուսիսային Կորեայով ու Ռուսաստանով արեւելքում», հաղորդում է NEWSru.co.il-ը:

«Եթե ԱՄՆ-ն պաշտոնապես միջուկային պետություն ճանաչի Իսրայելը, դա լուրջ հետեւանքներ կունենա: Մասնավորապես, ԱՄՆ-ն պարտավոր կլինի դադարեցնել ռազմական եւ տնտեսական օգնության ծրագրերն Իսրայելում, քանի որ գործող օրենսդրությունն արգելում է ԱՄՆ-ին աջակցել այն պետություններին, որոնք զբաղվում են ռազմական միջուկային տեխնոլոգիաների մշակումներով»,-ասվում է զեկույցում, որ զետեղված է DoDBuzz կայքէջում:

Պենտագոնի զեկույցում հատուկ ուշադրության է արժանացել Ռուսաստանը, որին նացիստական Գերմանիայի ճակատագիրն է կանխատեսվում: «Ռուսաստանը գնալով առավել ակտիվ ու նվազ կառուցողական դեր է կատարում Սեւ եւ Բալթիկ ծովերի տարածաշրջաններում, ինչպես նաեւ Կովկասում: ՌԴ-ն կարող է նպատակ դնել վերականգնել հսկողությունը նախկին «նահանգների» հանդեպ` այդ երկրների ռուսալեզու բնակչությանը պաշտպանելու պատրվակով»: