Գյումրիում ներկայացվել է «Թումո Հայաստան. 5 տարի` $50 մլն» նախաձեռնությունը

Գյումրիում ներկայացվել է «Թումո Հայաստան. 5 տարի` $50 մլն» նախաձեռնությունը

PanARMENIAN.Net - Գյումրիում, որտեղ տեղի է ունեցել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի 10-ամյակին նվիրված և Թումո Գյումրիի վերակառուցված շենքի բացման պաշտոնական միջոցառումը, ներկայացվել է «Թումո Հայաստան. 5 տարի` 50 միլիոն դոլար» նախաձեռնությունը:

Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացրել է Հայաստանում և Արցախում Թումո կենտրոնների ընդլայնման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել առաջիկա տարիներին՝ խոսքը 50 մլն դոլար արժողությամբ «Թումո Հայաստան» ծրագրի մասին է, տեղեկացնում է «Արմենպրեսը»։

«Թումո Հայաստան. 5 տարի` 50 միլիոն դոլար» նախաձեռնության նպատակն է Թումոյի առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին: Առաջիկա տարիներին նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոն, իսկ փոքր համայնքներում 110 Թումո տուփ, որոնց միջոցով ծրագիրը հասանելի կդառնա 80 հազար պատանու` ամբողջ երկրով մեկ:

Նախաձեռնությանը միացած Եմենիջյան ընտանիքը նվիրաբերել է 10 միլիոն դոլար, որն օգտագործվելու է Վանաձորում, Կապանում, Կողբում Թումո կենտրոններ կառուցելու, ինչպես նաև դրանց և ներկայիս Թումո կենտրոններին կապված տուփեր տեղադրելու համար: Մնացյալ 40 միլիոն դոլարը հավաքելու նպատակով Թումոն հայտարարում է միջազգային դրամահավաք։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ու Էլի և Էլզիբեթա Աքիլյանները՝ յուրաքանչյուրը երաշխավորել են կրկնապատկել արշավի առաջին երկու տարիների ընթացքում հավաքված 10-ական միլիոն դոլարը։ Այսպիսով, 10 միլիոն դոլար մեկնարկային ներդրումով, 20 միլիոն դոլար դրամահավաքով և 20 միլիոն դոլար կրկնապատկումով նախաձեռնությունը մտնում է գործնական փուլ»,- նշել է Մարի Լու Փափազյանը։

Նա տեղեկացրել է, որ Թումո կենտրոններն ունեն բոլոր հարմարությունները կրթական ծրագրի կազմակերպման համար` ինքնուսուցում, դասընթացներ, ինչպես նաև աշխատարաններ միջազգային մասնագետների հետ:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Ազգային ժողովի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ կառավարության անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ու Հայաստանում միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև Թումո կենտրոնի գործընկերներ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---