Փաշինյանը՝ Օվերչուկին․ Հայաստանը մեծապես շահագրգռված է կոմունիկացիաների բացմամբ

Փաշինյանը՝ Օվերչուկին․ Հայաստանը մեծապես շահագրգռված է կոմունիկացիաների բացմամբ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում գտնվող ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է կոմունիկացիաների բացմամբ, քանի որ դա գնահատում է որպես Հայաստանի ավելի քան 25 տարի շարունակով շրջափակումը հաղթահարելու հնարավորություն: «Հուսով ենք, որ աշխատանքների արդյունքում կոնկրետ որոշումների կհանգենք»,-ասել է նա։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Օվերչուկին՝ եռակողմ խմբի աշխատանքների բարձր մակարդակով կազմակերպման համար։

«Մեզ համար շատ կարևոր է վերջապես երկաթուղային կապ ստանալ Ռուսաստանի հետ, որն ընդհանրապես նոր հնարավորություններ կբացի մեր տնտեսության զարգացման և Եվրասիական տնտեսական միությունում մեր ինտեգրացիայի համար։ Սա նաև մեր անդամությունը Եվրասիական տնտեսական միությանը էլ ավելի արդյունավետ կդարձնի»,ասել է վարչապետը։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն իր խոսքում նշել է, որ Երևանում կազմակերպվում է ռուսաստանյան բիզնես համաժողով, ու սա ռուսաստանյան գործարար առաքելության դեպի Հայաստան առաջին այցն է հետպատերազմական շրջանում:

«Հնարավորություններ իսկապես կան, և այստեղ են գտնվում ռուսաստանյան զարգացման ինստիտուտների ներկայացուցիչներ՝ ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) ներկայացուցիչները, որն իր հերթին նույնպես ունի արտահանման գործարքները, դրանց ապահովագրությունը ֆինանսավորելու հնարավորություններ: Այս ամբողջ գործիքակազմն իրապես կարող է աշխատել, որպեսզի մենք ավելի արդյունավետ իրացնենք տնտեսական կապերը, զարգացնենք դրանք և Ռուսաստանի ու Հայաստանի միջև տնտեսական մեր հարաբերությունները բարձրացնենք այն մակարդակին, որում դրանք պիտի լինեն: Իհարկե, ինչպես Դուք իրավացիորեն նշեցիք, դա շատ կարևոր է նաև Եվրասիական տնտեսական միությունում կապերի զարգացման համար»,-ասել է նա:

Ավելի վաղ Երևանում լրագրողների հետ զրույցում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել էր, որ Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց կապելու համար Հայաստանով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց չի քննարկվում:

Սեպտեմբերի 20-ի առավոտյան ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, մասնակցել է ՀՀ Ռուսաստանի գործարար առաքելության այցի շրջանակում կազմակերպված «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառմանը:

 Ուշագրավ
«Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա
Նա ասել է, որ 2020-ին տնտեսությունն ունեցել է ընդամենը 7.6 տոկոս անկում
ՌԱԷԿ-ի մասնագետները ներկայացրել են տեխնիկական սպասարկման և վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքը
Նա հավելել է, որ էկոնոմիկայի նախարարությունը բիզնեսի համար առավել կոնկրետ առաջարկներով հանդես կգա