ՀՀ նախագահ․ Պետք է գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գանք ստեղծված իրավիճակից և շարժվենք առաջ

ՀՀ նախագահ․ Պետք է գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գանք ստեղծված իրավիճակից և շարժվենք առաջ

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ՝ նշելով, որ անկախության հռչակման 30-ամյակը լրանում է բարդ ու ճգնաժամային իրավիճակում, երբ առկա են բազում խնդիրներ ու մարտահրավերներ:

Նախագահը շեշտել է, սակայն, որ պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից և շարժվել առաջ:

«Անկախության հռչակման 30-ամյակը լրանում է աղետաբեր պատերազմի տարելիցի նախօրյակին, հազարավոր երիտասարդների կորստի ցավի, գերության կամ անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցների անորոշ ճակատագրերի, մեր հոգու և մարմնի չսպիացող վերքերի, ընդհատված երազանքների պայմաններում»,-ասվում է ուղերձում:

Ուղերձում նշվում է, որ 30 տարի առաջ նույնպես, ինչպես այսօր, հայ ժողովրդի համար բարդ ժամանակահատված էր, և կրկին նույն հարցադրումը՝ կկարողանա՞նք հաղթահարել և ինչպե՞ս:

«Եվ հաղթահարեցինք. 1991թ. սեպտեմբերի 21-ին իրականություն դարձրեցինք մեր բազմամյա երազանքը՝ Հայաստանի Հանրապետությունը հռչակեցինք անկախ պետություն:

30 տարվա ընթացքում տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չենք կարողացել լիարժեք իրացնել անկախության ընձեռած հնարավորությունը, չենք կարողացել զարգացնել հաղթանակն ու հաջողությունը:

Այսօր պարզվում է, որ ըստ արժանվույն չենք գնահատել այն, ինչ ունեինք: Ավելին, թերագնահատել ենք ինչպես ձեռքբերումները, այնպես էլ կորուստները»,-ասվում է ուղերձում:

Նշվում է, որ ՀՀ կարևորագույն խնդիրը մնում է և դեռ երկար ժամանակ լինելու է ազգային անվտանգությունը, քանի որ առանց ուժեղ անվտանգության համակարգի չի կարող լինել ո՛չ զարգացում, ոչ էլ առաջընթաց:

«Պետք է ավելի շատ ջանքեր ուղղենք մեր Հայրենիքի՝ Հայաստան ու Արցախի ապագային միտված զարգացմանը: Բայց նախ և առաջ պետք է իրականության մեջ, այլ ոչ թե զգացմունքային դաշտում գնահատենք ու գիտակցենք անկախ պետականության կենսական արժեքը:

Անկախության տոնը միավորում է բոլորիս՝ Հայաստանից մինչև Արցախ ու Սփյուռք: Թող միասնության այս զգացումը մեզ օգնի հասնելու համազգային, համահայկական ու համապետական նպատակներին»,-ասվում է նախագահի ուղերձում:

Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94.99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ:

1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը: Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցել իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---