Բայդեն․ ԱՄՆ-ն կշարունակի ջանալ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատման ուղղությամբ

Բայդեն․ ԱՄՆ-ն կշարունակի ջանալ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատման ուղղությամբ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։

«Մեր երկու երկիրը միավորված են պատմական, ընտանեկան, բարեկամական կապերով, այս տարի մենք կտոնենք մեր երկու երկրների երկկողմ հարաբերությունների 30 տարին։ Մենք պատրաստ ենք եկող տարիներին շարունակել աջակցությունը հայ ժողովրդին՝ աջակցելով մասնավորաբար ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, մարդու իրավունքների առաջ մղման, կոռուպցիայի դեմ պայքարի և իրավունքի գերակայության ապահովման Ձեր ջանքերին։

Վերջին տարվա ընթացքում հայ ժողովուրդը մարտահրավերների բախվեց, այդ թվում եղան մարդկային ողբերգական կորուստներ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարտական գործողություններով։ Կիսելով հայ ժողովրդի վիշտը՝ մենք ձեռք-ձեռքի տված կաշխատենք Ձեր կառավարության հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ տարածաշրջանային ձևաչափերով՝ խթանելու տարածաշրջանային կայունությունն ու կարգավորելու հակամարտությունը։ Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։

Մենք հանձնառու ենք շարունակել համագործակցությունը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում, որի նպատակով Միացյալ Նահանգները Հայաստանին հատկացրել է ավելի քան 14.2 միլիոն դոլար»,-ասվում է ԱՄՆ նախագահի ուղերձում։

Հայաստանի անկախության տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որտեղ նշվում է, որ ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ հավատարիմ է իր հանձնառությանը՝ օգնել կողմերին բանակցել ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ և հաղթահարել ռազմական գործողությունների հումանիտար հետևանքները՝ այդ թվում բոլոր ձերբակալված անձանց ազատ արձակումը, անհետ կորածների և աճյունների ամբողջական և արագ փոխանակումը:

Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94.99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ:

1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը: Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցել իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին:

Photo. Getty Images
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---