ԱՆ․ Եթե միջոցներ չձեռնարկվեն, առաջիկա 7 օրում կովիդի մոտ 6000 նոր դեպք կլինի

ԱՆ․ Եթե միջոցներ չձեռնարկվեն, առաջիկա 7 օրում կովիդի մոտ 6000 նոր դեպք կլինի

PanARMENIAN.Net - ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը տեղեկացրել է, որ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը գնահատվում է լարված, աճել է նաև վարակի վերարտադրողականության ցուցանիշը. 7 օրվա տվյալներով՝ 1.2 է։

«Եթե միջոցառումներ չձեռնարկենք, ապա առաջիկա 7 օրվա ընթացքում կունենանք մոտ 5930 նոր դեպք։ Այս դեպքերից մոտավորապես 30 տոկոսը կհոսպիտալացվի, իսկ հոսպիտալացվածներրի 3 տոկոսը, ցավոք սրտի, կարող է ունենալ ինտենսիվ թերապիայի կարիք», - ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ վերջին 14 օրվա վերլուծության տվյալներով՝ կա 18 տոկոսով դեպքերի աճ, ունենք բարձրացում նաև դրական թեստավորված անձանց մեջ, այն կազմում է 11.1 տոկոս։

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 1-ի կարգավորումներին՝ Աբովյանն ասել է, թե նախատեսվում է տնտեսական գործունեություն իրականացնող բոլոր կառույցների, պետական կառավարման մարմինների աշխատակիցների համար 14 օրը մեկը թեստավորման պահանջ սահմանել բացառությամբ պատվաստվածների։

«Հիմնական նպատակն է կանխել վարակի տարածումն ու կանխել ծանր, ծայրահեղ ծանր ու մահվան դեպքերը», - ասել է նա։

ԱՆ ներկայացուցչի խոսքով՝ պատվաստումների առումով ակտիվություն է նկատվում։

«Միայն պատվաստումները կարող են թույլ տալ կառավարել այս վիրուսը», - նշել է նա։

Սեպտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 254 709 դեպք, որոնցից 237 263-ն` առողջացած, 5181-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11072 պացիենտ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---