Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար մոտ $1 մլրդ կներդրվի

Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար մոտ $1 մլրդ կներդրվի

PanARMENIAN.Net - Գործադիրը հաստատել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր (Տրանշ 4) շրջանակում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումը: Ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքների արժեքը կազմում է մոտ 474.3 մլրդ դրամ (մոտ $1 մլրդ):

Հայտարարվելու է միջազգային մրցույթ։

Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի, այդ թվում՝ Բագրուշատի թունելի, կառուցման ներդրումային ծրագրի իրականացումը սահմանվել է որպես առաջնահերթություն, հաստատվել ներդրումային ծրագիրը:

Որոշմամբ նախատեսվում է իրականացնել II տեխնիկական կարգի (100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) մոտ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջների և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելների (ամենաերկարը` Բարգուշատի թունելն է, որի երկարությունը կկազմի մոտ 8.6 կմ) կառուցման աշխատանքներ և դրանց հետ կապված այլ գործողությունները:

Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա արդիականացնել Իրանին կապող ճանապարհահատվածը, մեծացնել հետաքրքրությունը ՀՀ տարածքով տարանցիկ երթևեկության նկատմամբ, ապահովել Հայաստանի հարավային շրջանների անվտանգությունը, ապահովել ճանապարհային անվտանգության պահանջվող մակարդակը, նպաստել հարավային շրջանների տնտեսական զարգացմանը և որպես արդյունք՝ նշված մարզերի բնակչության կենսամակարդակի բարելավմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանով տրվում է Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան հատվածի արդեն շինարարական գործընթացի մեկնարկի փուլ: «Հույս ունենք, որ 2022-ի ավարտին արդեն շինարարության նախնական փուլը կմեկնարկի: Ուզում եմ նաև հիշեցնել, որ ճիշտ է՝ հիմա ծրագիր-4-ը Սիսիան-Քաջարան հատվածն է, բայց մենք Սիսիան-Ագարակ հատվածը դիտում ենք որպես մեկ ամբողջություն»,-ասել է նա։

Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ Քաջարան-Ագարակ հատվածի իրականացումը շատ ավելի հեշտ է, ներգրավված են նաև ֆինանսական միջոցներ: «Առավել բարդը Քաջարանի թունելի հատվածն է, որին ևս առանձին պիտի անդրադառնանք: Այսինքն՝ երկու հատվածի համար, այն է՝ Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ, կտանք մրցույթի մեկնարկը, զուգահեռ նաև կսկսենք գործընթաց՝ Քաջարանի թունելի համար ֆինանսական միջոցների հստակեցման և այդ աշխատանքների մեկնարկը նույնպես տալու ուղղությամբ»,-ասել է փոխվարչապետը:

Հյուսիս-հարավը խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր ստանդարտներին բավարարող 560 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ՝ կրճատելով այն: Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման համար մինչ օրս վարկային պայմանագրեր են կնքվել Ասիական զարգացման (ԱԶԲ), Եվրոպական ներդրումային (ԵՆԲ) բանկերի և Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի հետ:

 Ուշագրավ
«Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա
Նա ասել է, որ 2020-ին տնտեսությունն ունեցել է ընդամենը 7.6 տոկոս անկում
ՌԱԷԿ-ի մասնագետները ներկայացրել են տեխնիկական սպասարկման և վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքը
Նա հավելել է, որ էկոնոմիկայի նախարարությունը բիզնեսի համար առավել կոնկրետ առաջարկներով հանդես կգա