21 մարտի 2009 - 19:31 AMT
Հայաստանի Ժողովրդական կուսակցության կարգախոսն ընտրություններին` «Սեր»
Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին Հայաստանի Ժողովրդական կուսակցության թեկնածուների ցուցակը: Այն գլխավորում է Տիգրան Կարապետյանը, երկրորդ տեղում կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արտակ Հարությունյանն է, իսկ երրորդ տեղում` Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի բժշկա-բիոլոգիական ֆակուլտետի դեկան Հրաչիկ Վարդապետյանն է: Կուսակցության ցուցակը բաղկացած է 20 թեկնածուներից:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը հայտնել է, որ թեկնածու են ընտրվել կուսակցական աշխատակիցներ, իսկ կուսակցության ցուցակը բաղկացած է 20 հոգուց, քանի որ Ժողովդրական կուսակցության հաղթանակի դեպքում իրենք ցանկանում ենք ազատ տեղերով կիսվել այլ քաղաքական կուսակցությունների հետ: «Մենք ցանկանում ենք, որպեսզի ցուցակը ներդաշնակ լինի, մենք չենք ընդունում քաղաքական մենատիրությունը, որը շատ սրտով է մեր կոալիցիոն գործընկերներիբն»,- հայտնել է նա:

Այն հարցին, թե ինչպիսի ծրագրով եւ ինչպիսի կարգախոսներով է կուսակցությունը պատրաստվում գնալ ընտրություններին, Կարապետյանը պատասխանել է, որ իրենք միայն մեկ կարգախոս ունեն` «Սեր»: Նա նաեւ նշել է, որ Երեւանի քաղաքապետը պետք է առաջին հերթին մտածի քաղաքի սոցիալ-սանիտարական անվտանգության մասին եւ այնպիսի մթնոլորտ ստեղծի, որպեսզի յուրաքանչյուր բնակիչ իրեն անվտանգ զգա: «Երեւանի քաղաքապետը ոչ միայն տեր է, այլեւ բոլոր բնակիչների ծառան, եւ այդ մասին չի կարելի մոռանալ»,- հայտնել է նա: