Վարչապետ․ Հայ գերիներին խոշտանգումների ենթարկելու մասին անհերքելի ապացույցներ կան

Վարչապետ․ Հայ գերիներին խոշտանգումների ենթարկելու մասին անհերքելի ապացույցներ կան

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում ունեցած իր տեսաելույթում անդրադարձել է նաև Ադրբեջանում հայ գերիների խնդրին։

«Մեր գերիներին խոշտանգումների ենթարկելու մասին անհերքելի ապացույցներ ունենք»,-հայտարարել է նա։

Նա նշել է, որ խաղաղության օրակարգի դեմ ուղղված գործելակերպ է այն, որ ի հեճուկս նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետի` Ադրբեջանը ոչ միայն մինչև օրս գերության մեջ է պահում ՀՀ մի քանի տասնյակ քաղաքացիների, այլև նրանցից շատերին շինծու մեղադրանքներով դատապարտել է 6-20 տարվա ազատազրկման:

«Կան քաղաքացիներ, որոնց գերեվարված լինելու փաստը Ադրբեջանը մինչև օրս չի հաստատում, չնայած՝ նրանց գերության մեջ լինելու մասին կան հստակ ապացույցներ: Սա առավել անընդունելի է դառնում այն ֆոնին, որ 2020 թվականին աշնանը ադրբեջանցի օգտատերերը հրապարակել են կոնկրետ հայ զինվորների գերեվարվելու տեսանյութեր, իսկ ավելի ուշ՝ հայտնաբերվել են այդ զինվորների գլխատված կամ գնդակահարված մարմինները: Մեր գերիների խոշտանգումների ենթարկելու մասին անհերքելի ապացույցներ ունենք»,-ասել է վարչապետը:

Փաշինյանը նշել է, որ թշնամության մթնոլորտի խորացման աղաղակող օրինակ է Բաքվում բացված՝ այսպես կոչված ավարների պուրակը, որտեղ ադրբեջանցի դպրոցականներին էքսկուրսիաների են տանում դիտելու գերեվարված, սպանված կամ արնաքամ լինող հայ զինվորների մանեկենները:

Այս և մյուս քայլերն արվում են ի ցույց դնելու խաղաղության անհնարինությունը մեր տարածաշրջանում, բայց մենք հետևողականորեն առաջ ենք տանելու այդ օրակարգը՝ մեր տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու բոլոր հնարավորությունները օգտագործելով և նոր հնարավորություններ ստեղծելով»,-ասել է վարչապետը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում հայտարարել է նաև, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով և հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում։

«Աներկբա է, որ ուժի կիրառման միջոցով ստեղծված իրավիճակը միջազգային իրավունքի տեսանկյունից չի կարող լեգիտիմություն ստանալ»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է վերսկսել ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ ՀՀ-ն իրավունք է վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ
Նշվում է, որ իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա
«ԿԸՀ-ն այս շաբաթ մանդատները գրանցելու արձանագրությունը կկազմի»,-ասել է ԿԸՀ քարտուղարը