Լիպարիտյան․ «Սպիտակ թուղթ» զեկույցը մատնանշում է` որտեղ ենք և ինչ հնարավորություններ կան հիմա

Լիպարիտյան․ «Սպիտակ թուղթ» զեկույցը մատնանշում է` որտեղ ենք և ինչ հնարավորություններ կան հիմա

PanARMENIAN.Net - «2020 թ. Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» խորագրով «Սպիտակ թուղթ» զեկույց է հրապարակվել, որը մանրամասնորեն և խորությամբ ուսումնասիրում է այն խզվածքները, որոնք հանգեցրին պատերազմի և պարտության։ Այս զեկույցը նաև սահմանում է այն միջավայրը, որի ներսում Հայաստանն այժմ գործում է տարածաշրջանային և միջազգային առումներով: Փաստաթուղթը ներկայացնում է նաև առաջարկություններ ապագայի կապակցությամբ ընտրությունների և բարեփոխումների վերաբերյալ:

Զեկույցի հեղինակներն են Թալին Փափազյանը (ֆրանսահայ քաղաքագետ), Ռոբերտ Այդաբիրյանը (ֆրանսահայ բիզնես ղեկավար և վերլուծաբան) ու Ժիրայր Լիպարիտյանը (պատմաբան և նախկին դիվանագետ), գրում է Արցախպրեսը։

«Մենք ստիպված էինք հաշվի նստել միջազգային և տարածաշրջանային իրողությունների հետ, որոնք դժվար է ընդունել: Մենք գիտեինք, որ մեր ժողովուրդը սնվել է բազմաթիվ սին հույսերով ու կեղծ երազներով: Բայց որոշեցինք, որ լավագույն ծառայությունը, որը մենք կարող ենք մատուցել այս պահին, հավաստիորեն ու իրատեսորեն մատնանշելն է, թե որտեղ ենք մենք և ինչ հնարավորություններ կան հիմա»,-ասել է Լիպարիտյանը։

Ուսումնասիրությունը հասանելի է երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն:

Նշվում է, որ զեկույցի նպատակն է առաջարկել անցյալի հարցերի և ապագա տարբերակների մի համակարգված վերլուծություն՝ հիմնված ռացիոնալ փաստարկների վրա, և հրավիրել հանրային քննարկում, որը հիմնված կլինի փաստերի ու քննադատական դատողությունների վրա՝ փաստը տարանջատելով կարծիքից, սթափ դատողությունը՝ նախապաշարմունքից, ռազմավարական նկատառումները՝ գաղափարախոսական կառուցվածքներից: Այդպիսով հեղինակները հույս ունեն խրախուսել հանրային քննարկումն այս հարցերի շուրջ, բայց նաև օգնել իրավասուներին՝ վերանայելու խնդիրները քաղաքականություն ձևակերպելիս:

Հետազոտությունը, որը հեղինակել են երեք քաջատեղյակ անհատներ, ներառում է նաև աշխարհի մոտ 45 հայ փորձագետների և վերլուծաբանների տեսակետների համառոտագիրը՝ պատերազմի պատճառների, վարման ու հետևանքների վերաբերյալ:

«Սպիտակ թուղթը» տրամադրվել է Հայաստանի և Արցախի գործադիր ու օրենսդիր ղեկավարներին, ԶԼՄ-ներին, հետազոտական կենտրոններին, ինչպես նաև աշխարհասփյուռ հայտնի փորձագետների ու անհատների: Այն ներկայացվել է նաև Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող օտարերկրյա դեսպաններին:

2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Նրան բացահայտ աջակցություն էր ցուցաբերում Թուրքիան։ Հարվածների թիրախում էին ոչ միայն հայկական զորքերն ու ռազմական օբյեկտները, այլև քաղաքացիական շենքերն ու շինությունները, նույնիսկ դպրոցներն ու մանկապարտեզները, ինչպես նաև մշակութային և պատմական կոթողներն ու օբյեկտները։

2021թ. սեպտեմբերի 27-ի դրությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ, անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---