21 մարտի 2009 - 20:39 AMT
Վրաստանում առկա է հայապահպանման ժողովրդագրական ճգնաժամ
«Ջավախքն ու հարակից հայաբնակ տարածքները պատմական Հայաստանի մաս են կազմել: Ընդհանրապես, ամբողջ Վրաստանում ապրող հայության ազգային-մշակութային ժառանգությունը հիմնաքար է եղել 20-րդ դարասկզբում հայկական պետականության վերականգնման համար։ Սակայն այսօր Վրաստանում արկա է հայապահպանման ժողովրդագրական ճգնաժամ: Անվիճելի է նաեւ, որ այդ ճգնաժամը ոչ թե ջավախահայության կամ վրացահայության, այլ համայն հայության խնդիրն է», - «Ջավախքի խնդիրը եւ ազգային շահը» PanARMENIAN.Net-ի ստացած հոդվածում գրում է Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության խորհրդի նախագահ Սեւակ Արծրունին:

Նրա կարծիքով, մինչեւ 2007 թվականը Վրաստանի, Հայաստանի ու աշխարհի համար «Ջավախքի խնդիր» կարծես թե գոյություն չուներ։ Միայն 2007-ից սկսած եւ նամանավանդ 2008-ի հուլիսին ծայր առած ջավախքահայ քաղաքական ակտիվիստների ձերբակալություններից հետո կացությունը սկսվեց փոխվել։ Միջազգային հեղինակավոր մասնագետների եւ ատյանների կողմից սկսվեցին հրապարակվել լուրջ զեկույցներ Ջավախքի խնդրի եւ Վրաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոլորտում տիրող կացության վերաբերյալ, եւ ամենակարեւորը` վրացական իշխանություններին ուղղվեցին ջավախքահայության եւ վիրահայության առջեւ ծառացած խնդիրները լուծելու հանձնարարականներ։ Բոլորը սկսեցին գիտակցել, որ իրավիճակն ավելի քան ահազանգող է, որ ջավախքահայությունը ապրում է իր տարրական իրավունքների բացարձակ ոտնահարման պայմաններում։

«Իր ազգային եւ կրոնական ինքնության պահպանումը` մարդու ամենատարրական իրավունքն է։ Իսկ ազգային շահը պահանջում է տվյալ հարցում Ազգը բաղկացնող յուրաքանչյուր անհատի եւ հաստատության ներգրավումը։ Մինչ Վրաստանում հայազգի գործիչներ իրենց կյանքով եւ ազատությամբ են վճարում համազգային այս հիմնախնդրի պաշտպանության գինը, ազգային շահը մեզանից « հայաստանաբնակ եւ աշխարհասփյուռ հայությունից պահանջում է ընդամենը տեր կանգնել վրացահայության եւ ջավախքահայության իրավունքներին` Վրաստանի իշխանություններին եւ միջազգային հանրությանը հիշեցնելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ներածականում ամրագրված դրույթներից մեկը, համաձայն որի «որպեսզի մարդը, որպես մի վերջին միջոցի, չդիմի ապստամբության ընդդեմ բռնության ու ճնշման, անհրաժեշտ է օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները»: Ջավախքի խնդրի շուրջ անցանկալի զարգացումների արաջն արնելու միակ միջոցը հայության համազգային համախմբումն է` Ջավախքում եւ ամբողջ Վրաստանում օրենքի իշխանության հաստատման եւ հայ բնակչության իրավունքների ոլորտում տիրող ճգնաժամի վերացման հրամայականի շուրջ», - ընդգծվում է Արծրունու հոդվածում: