Ամունդի-ԱԿԲԱ-ն 10,000 եվրո կուղղի սոցբնակարանային ռազմավարության հետազոտությանը

Ամունդի-ԱԿԲԱ-ն 10,000 եվրո կուղղի սոցբնակարանային ռազմավարության հետազոտությանը

PanARMENIAN.Net - «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործակցության հուշագիր են ստորագրել: Դրա շրջանակում Ամունդի-ԱԿԲԱ-ն իր շահույթից 10,000 եվրո կտրամադրի Հայաստանում սոցբնակարանային համակարգի ներդրման ռազմավարության հետազոտությանը:

«Հայաստանում սոցիալական բնակարանային զարգացման ռազմավարության մշակման հետազոտությունը կարևոր է բոլորիս համար: Պետք է ունենալ երկարաժամկետ տեսլական` իրականացնելու ծրագիր, որի սոցիալական ազդեցությունը մեծ կլինի Հայաստանի բնակչության համար: Լինելով սոցիալապես պատասխանատու ընկերություն, մենք մշտապես կարևորել ենք նմանատիպ նախագծերի իրականացումը, քանի որ ստացված արդյունքների միջոցով հնարավոր կլինի խնդիրներ լուծել ոչ հեռու ապագայում», - նշել է ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը:

Կարևորելով գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցային շրջանակի ընդլայնումը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հուշագրի կնքումը սոցիալական պաշտպանության ոլորտում ևս մեկ կարևոր քայլ է համարել։

Սոցիալական բնակարանային համակարգի ներդրման ռազմավարությունը մշակելու համար իրականացվելու է հատուկ հետազոտություն՝ ներառելով սոցիալական բնակապահովության ոլորտում միջազգային փորձի վերլուծություն, հայաստանյան իրավիճակի ուսումնասիրություն, կարիքների վերհանում և գնահատում ըստ սոցիալական խմբերի, խոցելիության աստիճանի, ինչպես նաև տարածքային բաշխվածության և այլ չափանիշների:

Ամունդի-ԱԿԲԱ-ն կառավարում է կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ:

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---