29 սեպտեմբերի 2021 - 11:24 AMT
Համայնքապետ. Ամարասի վրայից Արցախի դրոշը վերջնականապես հանվել է

Ամարաս վանական համալիրի վրայից Արցախի դրոշը վերջնականապես հանվել է: Այդ մասին հայտնել է Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը, տեղեկացնում է 1in.am-ը։

«Այլևս Ամարասի վրա ոչ մի դրոշ չկա: Ռուսները պահանջել են, որ հանվի դրոշը։ 3-4 օր առաջ նորից եկան հանեցին ու ասացին՝ էլ ոչ մի դրոշ չբերեք, դնեք»,-ասել է նա։

Այն հարցին, թե բնակիչները չընդդիմացա՞ն՝ համայնքապետը պատասխանել է. «Դե մի դրոշի համար ռուսների հետ կռվե՞նք: Առաջ ասում էին՝ կարող եք Արցախի դրոշի փոխարեն Հայաստանի դրոշը դնել, հիմա ասում են՝ ոչ մի դրոշ չի լինելու»:

Ինչ վերաբերում է նրան, որ դա արվել է ադրբեջանցիների պահանջով, Ավանեսյանն ասել է. «Դա ենթադրություն է, ես չեմ կարող ենթադրություններով առաջնորդվել: Թե ով է իրենց ասել, ես չեմ կարող ասել: Ռուսներն իրենք գնացել, իրենց ձեռքով իջեցրել են: Դա եղել է բարձրաստիճան սպա: Իմ անձնական կարծիքով, պետք չի ռուսներին ընդդիմանալ, որովհետև մեր անվտանգությունն ապահովողն իրենք են: Մեր գյուղից ընդամենը մեկ կմ է իրենց պոստը հեռու: Դրա համար էլ իրենք իրենց ձեռքով հանել են ու մեզ ասել՝ էլ չդնեք»:

Նույն խնդրի առնչությամբ Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔԴՄ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն էլ ասել է իրավիճակն այնքան փխրուն է, որ ամեն հարցի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելը կարող է «ավելի շատ վնաս տալ, քան լուծում»:

Հարցին, թե արդյոք Արցախում ցանկացած վանական համալիրի վրայից եթե ռուսները որոշեն հանել Արցախի դրոշը, պետք է լռեք՝ Հարությունյանը պատասխանել է. «Ոչ, այդպես չի»: Նրա խոսքով, պայմանավորվածություն է եղել այն կողմից Ադրբեջանի դրոշը հանեն, այս կողմից Արցախի։

«Ամեն դեպքում այնպես չէ, որ իրենք կարող են ասել՝ էս մեկն էլ հանեք, էն մեկն էլ, մենք էլ հանենք: Ուղղակի այնտեղ որոշակի հարցեր կան, որոնք երկկողմանի համատեղ լուծում են ստացել: Հանրությանը հուզող շատ հարցեր կան, որոնց վերաբերյալ կարող ենք մեկնաբանություն տալ, բայց էս մեկին՝ ոչ»,-ասել է նա:

Նախկինում Ամարասի վանքում Արցախի դրոշ տեղադրված չի եղել, սակայն 44-օրյա պատերազմից հետո, երբ շփման գիծը կանգ է առել Ամարասից 800-1000 մետր հեռավորության վրա, որոշել են տեղադրել։ Դրոշի հարցն առաջ է եկել, երբ ադրբեջանցիներն օրեր առաջ առաջ էին տվել իրենց դիրքերը Մաճկալաշեն գյուղի մոտ, հետո՝ հետ գնացել։ Արցախի դրոշը իջեցվել էր, հետո տեղի երիտասարդները կրկին բարձրացրել էին դրոշը վանքի վրա։