29 սեպտեմբերի 2021 - 12:15 AMT
Իրանի ԱԳՆ-ն՝ Ալիևին․ Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններին զորավարժության անցկացումն ինքնիշխանության հարց է

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն արձագանքել է Իրանում զորավարժությունների անցկացման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը` նշելով որ Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններին զորավարժության անցկացումը ինքնիշխանության հարց է։

Խաթիբզադեն նշել է, որ թեև երկու երկրի միջև կան լավ և հարգալից հարաբերություններ, և երկու կողմի միջև հաղորդակցման սովորական ուղիները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, զարմանալի է այդ ձևով արտահայտելը, տեղեկացնում է «Արմենպրեսը»՝ IRNA գործակալությանը հղումով։

«Այս և հարակից այլ հարցերի շուրջ լուրջ քննարկում է եղել Նյու Յորքում ՄԱԿ-ի նստաշրջանի շրջանակներում երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ: Որոշվել էր այդ երկխոսությունը շարունակել հարմար հարթակում: Իրանը միշտ դեմ է արտահայտվել ցանկացած տեսակի օկուպացիային և ընդգծել է երկրների տարածքային ամբողջականության ու միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման անհրաժեշտությունը:

Միաժամանակ, բարիդրացիականության սկզբունքների պահպանումն այն կարևորագույն հարցերից է, որն, ակնկալվում է, որ հարևանների կողմից ուշադրության կարժանանա:

Մեր երկրի հյուսիսարևմտյան սահմաններին զորավարժության անցկացումը ինքնիշխանության հարց է, և ամբողջ տարածաշրջանի կայունության ու խաղաղության համար է իրականացվում: Իհարկե, ակնհայտ է, որ ԻԻՀ-ն չի հանդուրժելու իր սահմանների մոտ սիոնիստական ռեժիմի անգամ ցուցադրական ներկայությունը, և այդ առումով կձեռնարկի ցանկացած գործողություն, որն անհրաժեշտ կհամարի իր ազգային անվտանգության համար»,- ընդգծել է Խաթիբզադեն:

Ալիևի հայտարարությանն արձագանքել է նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ Ալի Սարդար Ֆադավին:

Նա պարսկալեզու «Ռոկնա» հրատարակությանը հարցազրույցում Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը համեմատել է երեխայի վարքագծի հետ, հայտնում է Gala TV-ն։

«Երբ փոքր երեխան վիրավորում և հայհոյում է ձեզ, դուք պարզապես շոյում եք նրա գլուխը»,- ասել է զինվորականը:

Ֆադավին Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններն անվանել է ոչ ադեկվատ` նշելով, որ դրանք որևէ իմաստ չունեն, ուստի «անհեթեթություններին պատասխանելու կարիք չկա»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում զարմանք է հայտնել Ադրբեջանի հետ սահմանին Իրանի զինված ուժերի կողմից անցկացվող զորավարժությունների առնչությամբ: «Մեր անկախության 30 տարիների ընթացքում նման իրադարձություն տեղի չէր ունեցել: Նախևառաջ պետք է ասեմ, որ յուրաքանչյուր երկիր իրավասու է ցանկացած զորավարժություն անցկացնել իր տարածքում։ Բայց երբ մենք դա վերլուծում ենք ժամանակային սահմաններում, տեսնում ենք, որ նման բան երբեք չէր եղել։ Ինչո՞ւ հենց հիմա և ինչո՞ւ հենց մեր սահմանին։ Այս հարցը ոչ թե ես եմ տալիս, այլ Ադրբեջանի հասարակությունը»,- ասել է Ալիևը:

Իրանի զինվորականների գործողություններն Ալիևը որակել է «զգացմունքային արձագանք» Ադրբեջանի կողմից Հայաստան-Իրան միջպետական ճանապարհին իրանական բեռնատարների վարորդներից «ճանապարհային հարկ» գանձելու որոշմանը: