29 սեպտեմբերի 2021 - 14:18 AMT
2021-ի 6 ամսում ՀՀ-ում կացության կարգավիճակ է ստացել 3626 օտարերկրացի

2021-ի առաջին կիսամյակում Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել 3626 օտարերկրացի ավելի քան 30 երկրից, այդ թվում՝ 993-ը Հնդկաստանից, 722-ը Ռուսաստանի Դաշնությունից, 471-ը՝ Իրանից, 150-ը Ուկրաինայից, 141-ը՝ Լիբանանից, 134-ը՝ Վրաստանից, 120-ը՝ Իրաքից։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Միգրացիոն ծառայությունը։

ՀՀ-ում կացության կարգավիճակները տրամադրվում են տարբեր հիմքերով՝ ընտանիքի հետ միավորման (499), ուսման (1295), աշխատանքի (491), ձեռնարկատիրական գործունեության (68) և ազգությամբ հայ լինելու (43):

Նշվում է, որ Հնդկաստանի 882 քաղաքացու կացության կարգավիճակ է շնորհվել ուսման հիմքով, 52-ին՝ աշխատանքի։ Իսկ Իրանի 120 քաղաքացու կացության կարգավիճակ է շնորհվել ուսման հիմքով, 114-ին՝ աշխատանքի։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հանրային քննարկման է դրվել օտարերկրացիներին աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման թվայնացված հարթակին առնչվող կառավարության որոշումների նախագծերի փաթեթ: Հարթակի կիրառմամբ աշխատանքի թույլտվության և աշխատանքի թույլտվությունից ազատված լինելու հիմքերով օտարերկրացի աշխատողներին կտրամադրվի ժամանակավոր կացության կարգավիճակ և այդ կարգավիճակը հաստատող քարտ: