Ադրբեջանի ԱԳՆ-ն խոսել է Երևանից «դրական ազդակների մասին»

Ադրբեջանի ԱԳՆ-ն խոսել է Երևանից «դրական ազդակների մասին»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ Հայաստանից հնչող «դրական ազդակները հույս են ներշնչում, որ այդ գործընթացը կառուցողական ընթացք կստանա», գրում է Interfax.az-ը։

«Ինչպես հայտնի է, մենք պատրաստակամություն ենք հայտնել կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ և, հիմնվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի վրա, բանակցություններ սկսել սահմանների դելիմիտացիայի հարցի շուրջ։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիան երկկողմանի հարց է, և վերջերս մյուս կողմից ստացված դրական ազդակները հույս են ներշնչում, որ այն կառուցողական զարգացում կունենա», - հայտարարել է Աբդուլլաևան։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հարցին՝ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում ասել էր, որ դժվար է պատկերացնել սահմանագծման գործընթացը, այն պայմաններում, երբ գրեթե ամենօրյա պարբերականությամբ հայ-ադրբեջանական սահմանին հնչում են կրակոցներ և տեղի են ունենում տարաբնույթ սադրանքներ, այն պայմաններում, երբ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 12-ին Սոտք-Խոզնավար հատվածում ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:

«Այս իրավիճակից դուրս գալու համար մենք առաջարկել ենք հետևյալ գործողությունները. նշված հատվածում թե Հայաստանի, թե Ադրբեջանի զինված ուժերը հայելային ետ են քաշվում Խորհրդային ժամանակներից ժառանգված սահմանագծից, այդ սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ եւ միջազգային հովանու ներքո մեկնարկում ենք սահմանագծման և սահմանազատման աշխատանքները: Մենք այս առաջարկը պատրաստ ենք կյանքի կոչել ցանկացած պահի»,-ասել է Փաշինյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---