Սերժ Սարգսյանը՝ Ալիևին․ Բա ինչո՞ւ 3 կամ 10 տարի առաջ չէիր հրավիրում Մատաղիս՝ այն ժամանակ աքլորանայիր

Սերժ Սարգսյանը՝ Ալիևին․ Բա ինչո՞ւ 3 կամ 10 տարի առաջ չէիր հրավիրում Մատաղիս՝ այն ժամանակ աքլորանայիր

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարություն է տարածել՝ ի պատասխանը Մատաղիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած ցնորամիտ արտահայտություններին։

44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի հսկողության տակ անցած Մատաղիս այցելության ժամանակ Ալիևն ասել էր․ «Ես Սուգովուշանում (Մատաղիս) եմ, և եթե Սերժը բավական քաջություն ունի, թող գա այստեղ»։

«Ադրբեջանի ղեկավարն իրեն պահում է գլուխգովան դեռահաս տղայի պես, որ ժամանակին ծեծ ուտելուց հետո վազել է հորն օգնության կանչելու և նրա հետևում կանգնած մեծ-մեծ խոսում ու հոխորտում է:

Բա ինչո՞ւ 3 կամ 10 տարի առաջ չէի՞ր հրավիրում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ: Բա այն ժամանակ այդպես աքլորանայիր, երբ բողոքում էիր, որ փակ դռների հետևում քեզ ճնշում են՝ ճանաչել Արցախի անկախությունը:

Զարմանալի չէ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարում, սա ստանձնել է կապիտուլյանտի փաստաբանի դերը, պաշտպանության տակ առել նրան և միասին, ձեռք ձեռքի տված տևական ժամանակ թիրախավորում են ինձ, իմ մարտական ընկերներին, որոնց մեծ մասը Արցախի հերոսներ են:

«Դեզերտի՞ր»՝ ասում ես: Ով խոսի դեզերտիրությունից, դու լռի՛ր»,-ասվում է Սարգսյանի հայտարարության մեջ:

Նա նշել է, որ բոլորը գիտեն, թե Արցախյան առաջին պատերազմում որտեղ էր ինքը, և որտեղ էր Ալիևը, երբ նրա հայրենակիցները զոհվում էին հայոց քաջազունների հետ պայքարում, որ հայ ժողովուրդը մղում էր իր հնագույն օրրանում ինքնապաշտպանության և Արցախի ազատագրման համար:

«Տարիքդ այնպիսին էր, որ կարող էիր և պարտավոր էիր լինել մարտի դաշտում:

Որտե՞ղ էիր, ես գիտեմ: Ասա, թող ուրիշներն էլ իմանան:

Դու Հայաստանում հիմա լավ գործընկեր ունես, հրավիրի՛ր նրան, քանի ժամանակ ունես, իսկ երբ նա այլևս գործընկերդ չի լինի, ա՛յ այդ ժամանակ ես կգամ և՛ Մատաղիս, և՛ Ացախի Հանրապետության ցանկացած այլ տարածք»,-ասվում է ՀՀ երրորդ նախագահի հայտարարության մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մատաղիսում նաև «դասալիք» էր անվանել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Նա ասել է, թե երբ «Սերժիկ Սարգսյանը տեսավ», որ ադրբեջանական բանակը մոտենում է Ստեփանակերտին, «փախավ այնտեղից՝ դասալիքի պես»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---