Հառիճավանքի պարիսպի տակ «մատաղատան» կառուցման գործով նախաքննությունն ավարտվել է

Հառիճավանքի պարիսպի տակ «մատաղատան» կառուցման գործով նախաքննությունն ավարտվել է

PanARMENIAN.Net - Ավարտվել է Հառիճ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Պարզվել և հիմնավորվել է, որ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ Հառիճ համայնքում գտնվող 7- 19 դդ. Հառիճավանք վանական համալիրը, որը հաստատվել է որպես պատմության և մշակույթի հուշարձանի պահպանական գոտիների նախագիծ, դասվում է պատմամշակութային նշանակության հողերի կատեգորիային, ունի այդ հողերի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ, վանական համալիրի պահպանական գոտում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական, արոտավայրերի գործառնական նշանակության հողամասը, առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու, համայնքի ավագանու որոշմամբ, 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, 7 000 դրամ տարեկան վարձավճարով, վարձակալությամբ տրամադրել է իր քրոջ որդուն:

Վերջինս, գտնվելով Իրաքում, դեռևս քննությամբ չպարզված անձանց միջոցով, առանց համապատասխան թույլտվության, վանքի պարիսպի տակ կառուցել է քարե շինություն՝ «մատաղատուն»՝ այդ կերպ էական վնաս պատճառելով Հայաստանյաց Առաքելական եկեղեցու իրավունքներին և օրինական շահերին: Բացի այդ, քննությամբ նաև հիմնավորվել է, որ համայնքի ղեկավարը, ուղղակի դիտավորությամբ, միջոցներ չի ձեռնարկել՝ կանխելու և կասեցնելու ինքնակամ կառուցումը, ինքնակամ կառույց իրականացրած անձի նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները դիտավորությամբ չի կիրառել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հառիճ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---