6 հոկտեմբերի 2021 - 10:47 AMT
Ստեփանակերտի պանթեոնը կառուցապատվում և բարեկարգվում է

Ստեփանակերտի պանթեոնում կառուցապատման և բարեկարգման աշխատանքներ են ընթանում։ Միջոցներ են հատկացվել պետբյուջեից, ինչպես նաև բարեգործական խողովակներով, տեղեկացնում է «Հայաստանի Հանրապետությունը»։

Ըստ Ստեփանակերտի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սեյրան Սաֆարյանի՝ Պանթեոնի կառուցապատման ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2022-ին: Առաջին փուլում հողային աշխատանքներ կիրականացվեն, կկառուցվեն հենապատեր ու ճեմուղիներ, ինչպես նաև կավարտվի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի շինարարությունը, որն ընթացքի մեջ է: Նրա խոսքերով՝ կառուցապատման աշխատանքներն առավել արագ թափով առաջ կընթանային, եթե խոչընդոտող որոշ հանգամանքների պատճառով գործընթացը չընդհատվեր:

Խնդիրն այն է, որ տարածքում մեծ ծավալի հողաշերտեր են գոյացել, որոնք բնական ճանապարհով նստվածք պիտի տան, ու նոր միայն ծավալվեն կառուցապատման աշխատանքները: Երկրորդ փուլում, ըստ նախագծի, կավարտվեն ճեմուղիների խճապատումն ու սալապատումը: Այնուհետև մասնագետները ձեռնամուխ կլինեն շիրմաքարերի տեղադրմանը:

Ինչպես տեղեկացրել է արցախյան երրորդ պատերազմում զոհված և վիրավորված զինծառայողների հարազատների միության նախագահ Արմեն Սարգսյանը, շիրմաքարերի ընտրությունն արել են նահատակված տղաների ծնողները՝ խնդիրը քննարկելով քաղաքապետարանում: «Միահունչ» կլինեն նաև խնկամաններն ու ծաղկամանները: Պանթեոնն ամբողջովին կլուսավորվի և կկանաչապատվի, տարածքում կկատարվի ցրտադիմացկուն ծառերի և թփերի տունկ, կտեղադրվեն գեղարվեստորեն ձևավորված նստարաններ, կկառուցվեն ցայտաղբյուրներ: Այն կունենա երկու մուտք՝ բարեկարգ ճանապարհներով և համապատասխան հարթակներով: