6 հոկտեմբերի 2021 - 13:42 AMT
Ադրբեջանը սկսել է օգտագործել ՀՀ օդային տարածքը

Ադրբեջանը սկսել է օգտագործել ՀՀ օդային տարածքը՝ դեպի Նախիջևան ներքին ուղևորատար թռիչքներ իրականացնելու համար։ Այդ մասին հայտարարել է «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերությունը։

«Այդ քայլը վկայում է, որ Ադրբեջանը վճռականորեն պատրատ է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ինչը բխում է բոլոր սահմանակից երկրների շահերից»,- ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավիաընկերությունից ասել են, որ Բաքու-Նախիջևան-Բաքու երթուղու փոփոխությունը թույլ կտա կրճատել թռիչքի տևողությունը և նվազեցնել վառելիքի ծախսը։

Նշվում է, որ այժմ այդ չվերթն իրականացնելիս AZAL-ը կարող է օգտվել առկա բոլոր օդային միջանցքներից, այդ թվում՝ ՀՀ և Իրանի տարածքով։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանը փակել է իր օդային տարածքը Ադրբեջանից ռազմական թռիչքների համար։ Իրանից պաշտոնական ուղիներով Ադրբեջանին տեղեկացրել են, որ ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքներն Իրանի օդային տարածքով արգելված են։