6 հոկտեմբերի 2021 - 15:03 AMT
Փոթիի նավահանգստի ղեկավարները Երևանում եմ

Աշխատանքային այցով հոկտեմբերի 5-ին Երևան են ժամանել Փոթիի նավահանգստի կոմերցիոն ղեկավար Իյան Ռավլինսոնը (Մեծ Բրիտանիա) և ֆինանսական ղեկավար Ջուլիան Անդրես Ֆերնանդեսը (Կոլումբիա)։

Վերջիններս նոր են նշանակվել նշված պաշտոններին և Երևան էին ժամանել տեղում ծանոթանալու հայաստանյան իրենց գործընկեր միջազգային փոխադրող «Ապավեն» ընկերության գործունեությանն ու կարողություններին։

Ինչպես նշել է «Ապավենի» գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը՝ Փոթիի նավահանգստի նոր ղեկավարությունը ցանկություն էր հայտնել անձամբ ծանոթանալու միջազգային փոխադրող կառույցի առավելություններին, տեխնիկական հզորություններին, մեքենայական պարկին, պահեստավորման հնարավորություններին, կադրային ռեսուրսներին։ Քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հեռանկարները, արդյունավետության առավել բարձրացման ուղիները, միջազգային բեռնափոխադրումների արդիականացման եղանակներն ու պայմանները։

Փոթիի նավահանգստի սեփականատերն է աշխարհում առաջատարը համարվող դանիական «Մաեռսկ» (Maersk) ծովային ընկերությանը, որի հետ «Ապավենը» համագործակցում է ավելի քան երկու տասնամյակ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն մտադիր են վերականգնել լաստանավային հաղորդակցությունը Վրաստանի Փոթի նավահանգստի և ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կովկաս նավահանգստի միջև։ Այս մասին Երևանում ընթացող հայ-ռուսական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Մաեռսկը» մասնագիտացված է ծովային բեռնափոխադրումների և նավահանգիստների տերմինալների ծառայությունների մատուցմամբ: Գլխավոր գրասենյակը գտնվում է Կոպենհագենում, իսկ դուստր ձեռնարկություններն ու գրասենյակները, որոնցում աշխատում է շուրջ 79 հազար մարդ, տեղակայված են աշխարհի ավելի քան 135 երկրում: 2018 թվականին «Մաեռսկը» միջազգային շուկայում ճանաչվել է բեռնարկղերի առաքման համաշխարհային առաջատարը՝ ունենալով 18% մասնաբաժին: