8 հոկտեմբերի 2021 - 10:43 AMT
Թուրքիան փակել է իրանական բեռնատարների համար բոլոր անցակետերը

Թուրքիան փակել է բոլոր անցակետերն իրանական բեռնատարների համար։։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի՝ Իրանի հետ առևտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալաշը։

Նա հայտնել է, որ սկզբից թուրքական բեռնատարների արգելքն Իրանն է սահմանել, Անկարան էլ ի պատասխան նույնանման որոշում է կայացրել, գրում է Sputnik Արմենիան՝ ՌԻԱ Նովոստիին հղումով։

«Առևտրաշրջանառությունն Իրանի և Թուրքիայի միջև ամբողջությամբ դադարեցվել է Իրան-Ադրբեջան սահմանին լարված իրավիճակի պատճառով»,-ասել է Ալաշը։

Նա հավելել է, որ ստեղծված վիճակը կարող է բացասաբար անդրադառնալ Թուրքիայի և Իրանի առևտրային հարաբերությունների վրա, որոնց միջև ապրանքաշրջանառությունն առանց այդ էլ նվազել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

Վերջին շրջանում լարվածություն է նկատվում Իրան-Ադրբեջան հարաբերություններում։ Իրանը հայտարարել է, որ սադրիչ է համարում Ադրբեջանում այլ պետությունների ներգրավմամբ զորավարժությունների անցկացումը և ինքն է զորավարժություններ սկսել Ադրբեջանի հետ սահմանին։

Ավելի վաղ Ադրբեջանը ոստիկանական անցակետր էր տեղադրել Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածում, որը 44-օրյա պատերազմից հետո հայտնվել է Ադրբեջանի հսկողության տակ, և զննում էին իրանական բեռնատարները ու նաև մաքսատուրք գանձում։