8 հոկտեմբերի 2021 - 11:02 AMT
ՄԱԿ-ն ու ԱՀԿ-ն մտադիր են մինչև հունվար Covid-19-ի դեմ պատվաստել աշխարհի բնակչության 40%-ին

ՄԱԿ-ը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում մտադիր են մինչև 2021-ի ավարտը հասնել մոլորակի բնակչության 40%-ի պատվաստման, իսկ մինչև 2022-ի կեսը՝ 70%-ի։

Բնակչության 40%-ի պատվաստման նպատակին հասնելու համար հարկավոր է մինչև տարեվերջ 8 մլրդ դոլար հավաքել։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեշը, գրում է «Կոմերսանտը»։

Նա նաև հերթական անգամ դժգոհություն է հայտնել պատվաստանյութերի բաշխման մեխանիզմների բացակայությունից։ Նա կոչ է արել G20-ի երկրներին օգնել այդ խնդրի լուծմանը հոկտեմբերի 30-31-ին Հռոմում կայանալիք գագաթնաժողովում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հոկտեմբերի 7-ի կառավարության նիստում անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստման անբավարար թվերին, ասել է, որ չի ցանկանում բողոքներ լսել, իսկ կեղծ պատվաստումների մասին ահազանգերին պետք է պատասխանել խիստ միջոցներով՝ ձերբակալել, կալանավորել։

Photo. AP