8 հոկտեմբերի 2021 - 15:04 AMT
Reuters․ Թուրքիան մտադիր է 40 հատ F-16 կործանիչ գնել ԱՄՆ-ից

Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին՝ 40 հատ F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև Անկարայի ունեցած 80 ամերիկյան կործանիչների արդիականացման խնդրանքով, գրում է Reuters-ը։

Ըստ պարբերականի աղբյուրների, գործարքը գնահատվում է միլիարդավոր դոլարներ, սակայն դեռ ուսումնասիրվում է Պենտագոնի համապատասխան կառույցում։ Այդ կառույցի հավանությունը ստանալու դեպքում գործարքը դեռևս կարող է արգելափակվել Կոնգրեսի կողմից, քանի որ հանրապետականներն ու դեմոկրատները կոչ են անում Վաշինգտոնի վարչակազմին ճնշում գործադրել Անկարայի վրա՝ ռուսական Ս-400 ԶՀՀ գնման պատճառով, գրում է ՏԱՍՍ-ը։

«Պետդեպարտամենտը չի հաստատում և չի մեկնաբանում սպառազինության և ռազմատեխնիկայի ենթադրյալ վաճառքը կամ փոխանցումը, քանի դեռ դրանք պաշտոնապես չեն ներկայացվել Կոնգրեսում»,-ասվում է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության մեկնաբանության մեջ։

Ռուսական Ս-400 զենիթա-հրթիռային համակարգեր գնելու Անկարայի որոշումը բացասական արձագանք է ստացել Վաշինգտոնում։