8 հոկտեմբերի 2021 - 17:13 AMT
ՔՊ պատգամավոր․ Մեր ձեռքին մուրճ չի եղել, հիմա էլ չկա

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը կարծում է, որ իրավապահ մարմիններն ունեցել են բավարար հիմքեր՝ հոկտեմբերի 8-ին ՀՅԴ-ականների ակցիան խափանելու ու բերման ենթարկելու համար։ Այս մասին ինքը Տիգրանյանը հայտնել է խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։

Aysor.am հաղորդմամբ, նա նշել է, որ տեղի ունեցածի հանգամանքներին ծանոթ չէ։

«Հավաքների ազատության մասին» օրենքով ակցիաները լինում են արտոնված և լինում են չարտոնված: Ես ձեր նշած դեպքին ծանոթ չեմ: Չգիտեմ հատկապես ինչի համար են բերան ենթարկել»,- ասել է նա:

Լրագրողը հարցն ուղղելուց հիշել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը մուրճի մասին և հարցրել՝ խոսափողով ցույց անել էլ չի՞ կարելի, օրվա իշխանությունն էլ էր բարձրախոսո՞վ ցույց անում, բայց վերջին երեք տարում ով խոսում է՝ մուրճով տալիս է նրա գլխներին։

«Երբ ասում եք՝ վերջին 3 տարում ով բերանը բացում է, «մուրճով» հարվածում են, վերջին 3 տարում մեր ձեռքին մուրճ չի եղել։ Մի քիչ ժամկետները շփոթում եք՝ մուրճի հետ կապված։ Հիմա էլ մուրճ չկա», - պատասխանել է Տիգրանյանը։

«Առավոտը» մեջբերում է նաև ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի պատասխանը մուրճը հիշատակած լրագրողին. «Ասում եք՝ ով բերանը բացում է՝ մուրճով տալիս եք գլխներին: Դուք ձեր բերանը հաճախ եք բացում, բայց ես ձեր գլխին մուրճի հետքեր չեմ տեսնում», - նշել է Ալեքսանյանը: