Tert.am. Covid-19-ով վարակված չպատվաստվածների բուժումը կարող է վճարովի դառնալ՝ մոտ 800,000 դրամ

Tert.am. Covid-19-ով վարակված չպատվաստվածների բուժումը կարող է վճարովի դառնալ՝ մոտ 800,000 դրամ

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով վարակված չպատվաստված քաղաքացիների բուժումը կարող է դառնալ վճարովի, սակայն սա դեռ փոփոխություն չէ, դեռ քննարկման փուլում է, ասել է առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, տեղեկացնում է Tert.am-ը:

Եթե որոշումը կայացվի, այն կիրառության մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից։

Խաչատրյանն ասել է, որ ստացիոնար բուժման միջին արժեքը մինչև 800,000 դրամ է։

«Կովիդով հիվանդի ստացիոնար բուժման միջին արժեքը մինչև 800,000 դրամ է, բայց կախված հիվանդի վիճակից` թեթև կամ ծանր ու ծայրահեղ ծանր, բնականաբար նշված գումարն ավելանում է՝ անցնելով մեկ միլիոնը»,-ասել է նա։

Այն հարցին, թե որո՞նք են նման փոփոխություն կատարելու հիմնավորումները՝ խոսնակը հայտնել է, որ այս հարցը վաղուց էր քննարկվում։

«Առողջապահության նախարարությունը միշտ հակված էր այն մտքին, որ պետք է ամեն ինչ անել և մոբիլիզացնել բոլոր միջոցները կովիդով հիվանդների բուժումը պետպատվերի շրջանակում իրականացնելու համար։ Այստեղ խոսքը ոչ միայն դեղորայքի, պալատի, միջամտությունների մասին է, այլև սննդի, որովհետև կովիդի դեպքում չենք կարող ապահովել տնից բերված սնունդը։ Սրանք հավելյալ ծախսեր են։

Այս ամեն ինչից ելնելով, երբ պետությունն արդեն կարողացել է ապահովել անվճար պատվաստումը քաղաքացիների համար, հարկատուները դժգոհություն բարձրացրին այն մասին, որ իրենք ընդունել են պայքարի այս ձևը, պատվաստվում են, իսկ մյուսները չեն պատվաստում՝ անձնական դրդապատճառներից ելնելով։ Երբ հարցը հանրային առողջապահությանն է վերաբերվում, եկեք համաձայնեք, որ վախերը, ապատեղեկատվության հետևից գնալը երկրորդային են։ Մենք գործ ունենք համաճարակի հետ, որի դեմ պայքարում է ամբողջ աշխարհը, այս դեպքում հանրային առողջապահությունը առաջնահերթություն է»,- նշել է առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

Հոկտեմբերի 8-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1202 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 269,874-ի: Մահվան 34 դեպք է գրանցվել, 33-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5499 դեպք կա, այլ պատճառով՝ 1226:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---