23 մարտի 2009 - 19:40 AMT
Հայոց ցեղասպանության ճանաչումը կօգնի տարածաշրջանում վստահության եւ բարեկամության մթնոլորտի ստեղծմանը
Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու քննադատումը կօգնի ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, այլեւ տարածաշրջանում վստահության եւ բարեկամության մթնոլորտի ստեղծմանը եւ ապագայում ցեղասպանությունների կանխմանը: Այդ մասին ասվում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի ուղերձում, որը հասցեագրված է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերով հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին:

«Հայ ժողովուրդը մեր երկրում, Միացյալ Նահանգներում եւ աշխարհում երախտապարտ է Ձեզ եւ կոնգրեսականներ Ադամ Շիֆին, Ֆրենկ Պալլոունին ու Ջորջ Ռադանովիչին տարիների ընթացքում կատարած այն մեծ աշխատանքի համար, որն ապահովելու է ԱՄՆ կողմից այս ոճիրի ճանաչումն ու պաշտոնական ոգեկոչումը: Վստահ եմ, որ այս գործընթացի ջատագովները իրավացիորեն համոզված են նաեւ, որ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չճանաչելը, ըստ էության, մինչ օրս նպաստել է Թուրքիայի դիրքերի կոշտացմանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Գնահատում ենք այս ջանքերը եւ հատկապես այս տարի ոգեւորված ենք այս ուղղությամբ նախագահ Բարակ Օբամայի եւ իր վարչակազմի բարձրաստիճան անդամների կատարած նախընտրական հստակ հայտարարություններով:


Հավաստում եմ, որ տրամադիր եմ գրավոր կամ անձամբ կիսելու Ձեր կոնգրեսական գործընկերների հետ Հայաստանի Հանրապետության սկզբունքային կեցվածքը` ի պաշտպանություն Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման: Վստահ եմ, որ Միացյալ Նահանգների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը ոչ թե կարող է խոչընդոտել, այլ հակառակը` սատարելու է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ լիարժեք երկխոսության կայացմանը: Միացյալ Նահանգների սկզբունքային կեցվածքը միմիայն կարող է նպաստել այն գիտակցության ամրապնդմանը, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը ամենեւին հակաթուրք կեցվածքի արտահայտություն չէ, այլ Ցեղասպանության` որպես մարդկության դեմ գործած հանցագործության դատապարտման անհրաժեշտությունից»,- ասվում է Արմեն Ռուստամյանի նամակում: Ինչպես ուղերձում նշել է հայ խորհրդարանականը, Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կայուն բարելավումը պետք է հիմնված լինի ճշմարտության եւ արդարության հանդեպ համակողմանի հարգանքի վրա: