23 մարտի 2009 - 19:49 AMT
Հարավկովկասյան երկաթուղին ակտիվացնում է գծի հիմնանորոգման գործընթացը

Երկաթուղային համակարգում վերանորոգման եւ շինմոնտաժային աշխատանքների, ինչպես նաեւ գծի արհեստական կառույցների, կապի եւ էներգամատակարարման սարքավորումների ընթացիկ պահպանման աշխատանքների կազմակերպման եւ անցկացման նպատակով` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարության կողմից ընդունվել է որոշում` «պատուհաններ» կազմակերպելու վերաբերյալ: Վերջինս իրենից ներկայացնում է կոնկրետ երկաթուղային տեղամասում երթեւեկության լրիվ կանգնեցում` վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքների անցկացման համար: Ինչպես հաղորդում է Հարավկովկասյան երկաթուղու մամլո ծառայությունը, ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել գլխավոր գծի 5,4 կմ հիմնանորոգում: Ըստ «ՀԿԵե» ՓԲԸ Գծի ծառայության պետ Ա. Ունուսյանի` աշխատանքները պլանավորվում է ավարտին հասցնել մինչեւ ապրիլի 10-ը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ճանապարհի ծառայության պետ Աշոտ Ունիսյանի խոսքով, ներկայումս վերականգնվել է «Քարակերտ» կայարանի գծի 925 կմ: Մարտի 23-ին պլանավորվում է ավարտել «Արտենի» կայարանի գծի 1000 մ վերանորոգման աշխատանքները:

Աշոտ Ունուսյանի խոսքով, տվյալ տեղամասում վերականգնողական աշխատանքների ավարտից հետո կանցնեն Արտենի-Արագած գծի վերանորոգմանը: Նա ավելացրեց, որ նշված տեղամասերը չեն վերանորոգվել ավելի քան 20 տարի եւ գտնվում են չափազանց անբավարար վիճակում:

Դրա հետ մեկտեղ Վանաձորի գծի ուղեմասում արդեն փոխարինվել է ավելի քան 3000 փայտակոճեր եւ փոխադրիչային չորսուների 10 կոմպլեկտներ, Գյումրիի ուղեմասում` 2600 կոճեր եւ փոխադրիչային չորսուների 8 կոմպլեկտներ: Ա. Ունուսյանի վկայությամբ` մետաղական կամուրջների վրա փոխարինվել են նաեւ 420 կամրջային չորսուներ:

«Այժմ մենք անցկացնում ենք գծային եւ գծանցային տնտեսությունների, ինչպես նաեւ արհեստական կառույցների ընդհանուր զննում»,- ասել է Ա. Ունուսյանը` նշելով, որ հիմնական գծի հիմնանորոգման գործընթացը ակտիվորեն կշարունակվի: