12 հոկտեմբերի 2021 - 12:08 AMT
ԹԻՀԿ․ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի փոխանցումը թափանցիկ չի արվել

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հայտարարել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60% բաժնետոմսերի փոխանցումը «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոյին թափանցիկ ձևով չի իրականացվել և հետագայում էլ պարզաբանումներ չեն տրվել, գրում է «Փաստինֆոն»։

«Անհասկանալի է, թե ինչու «Գեոպրոմայնինգն» այդպես բարի գտնվեց և բաժնետոմսերի 15 տոկոսը պետությանը նվիրատվություն արեց։ Պետությունն էլ դա արդարացրեց նրանով, որ ավելի մեծ կլինի պետության դերակատարումը և շահույթի բաշխման, օգտագործման, և կոմբինատի հետագա զարգացման հարցերում։ Ֆորմալ տեսանկյունից նպատակը վատը չէ, բայց խնդիրն այն է, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը»,-ասել է Վարուժան Հոկտանյանը։

Նրա խոսքով, դեռ հարց է մնում, թե ինչու է հանկարծ որոշում կայացվել գնելու Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, այնուհետև դրա մեկ քառորդը նվիրատվություն անել վարչապետի աշխատակազմին։ Ընդ որում` այստեղից էլ այլ հարց է առաջանում, թե ինչու է դա հանձնվում վարչապետի աշխատակազմին, այլ ոչ թե էկոնոմիկայի նախարարությանը, քանի որ այն ավելի համապատասխան պետական մարմին է։

«Սա իշխանության կենտրոնացման ևս մեկ փաստ է, որ չգիտես ինչու հենց վարչապետի աշխատակազմին են տալիս։ Ամեն ինչ կենտրոնանում է վարչապետի աշխատակազմի ձեռքում։ Եթե այսպես շարունակվի, նախարարությունների կարիք էլ չի զգացվի կդառնան վարչապետի աշխատակազմի վարչություններ»,-նշել է Վարուժան Հոկտանյանը։

Վերջինս ընդգծել է, որ այս գործարքի հետ կապված թափանցիկության խնդիր կա, և ամեն ինչ հիմնվում է ենթադրությունների վրա։ Վարուժան Հոկտանյանի կարծիքով սա նման է Ծաղկաձորի «Գոլդեն փելեսի» պատմությանը։

«Այսինքն` ինչպես դրա դեպքում «փրկագին» վճարվեց, որ որոշ մարդկանց նկատմամբ հետագա հետապնդումները դադարեցվեն, գուցե այս դեպքում էլ է նույնը։ Բայց սա զուտ ենթադրություն է։ Տեղի է ունենում մոտավորապես նույն բանը, ինչ եղավ «Գոլդեն փելես»-ի հետ, մեկ տարբերությամբ, որ ենթադրում եմ՝ «Գեոպրոմայնինգն» այդքան էլ թանկ գնով չի գնել 60 տոկոս բաժնետոմսերը»,-հավելել է Վարուժան Հոկտանյանը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25%-ը ՀՀ կառավարությանը նվիրաբերած «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը պատկանում է «Գեոպրոմայնինգ Արմենիա» ընկերությանը, որը սեպտեմբերի 30-ին ձեռք է բերել ԶՊՄԿ-ի 60%-ը։ՀՀ կառավարությանը նվիրաբերված 25%-ը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%-ը, որն էլ հետևապես անցել է ՀՀ սեփականությանը։

ՀՀ-ն՝ ի դեմս ՀՀ կառավարության, պատրաստակամություն է հայտնել ի սեփականություն ընդունել 412,250.75 հասարակ (սովորական) բաժնետոմս և դրանց կառավարման լիազորությունը վերապահել վարչապետի աշխատակազմին: