12 հոկտեմբերի 2021 - 14:17 AMT
«Մենք կվերադառնանք. փրկված պատառիկներ». Ցուցահանդես՝ Ստեփանակերտում

Ստեփանակերտի Եվրոպա հյուրանոցի նախասրահում բացվել է «Մենք կվերադառնանք. փրկված պատառիկներ» խորագիրը կրող ցուցահանդեսը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը և նշել, որ փրկված պատառիկներից ամեն մեկն ունի իր յուրահատուկ ճակատագիրը, տեղեկացնում է Արցախպրեսը։

Ցուցահանդեսին ներկա ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն ասել է, որ յուրաքանչյուր ցուցանմուշի մեջ մի մեծ լռություն կա, իսկ լռության մեջ՝ սոսկալի աղաղակ։

«Մենք թշվառ չենք, բայց այդ լռությունը մեզ դարձնում է թշվառ։ Այդ էպիզոդիկ թշվառությունն իրականում մեզ դարձնում է վրեժխնդիր, լցնում ատելությամբ, մղում խիզախման և, չնայած այս հակասական զգացողություններին, պարուրում է ետ վերադառնալու զգացումով»,-ընդգծել է Ղարախանյանը:

Մշակութային ժառանգության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը ելույթի իր խոսքում ասել է, որ իրենց նախաձեռնությանը միանգամից արձագանքել են պետական մարմիններն ու բազմաթիվ անձինք:

«Յուրաքանչյուր ցուցանմուշ ունի իր պատմությունը։ Դրանց շարքում կան Շուշիից փրկված սրբություններ, Հին Թաղեր գյուղի եկեղեցու զանգը և բոլորիս համար շատ այլ կարևոր մշակութային արժեքներ»,- նշել է Շահվերդյանը։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 11-ը։

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Մշակութային ժառանգության հանրային խորհրդի», «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Եվրոպա» հյուրանոցի համատեղ ջանքերով: