Աբդոլահիանը` Բայրամովին․ Թեհրանն ակնկալում է, որ տարանցիկ բեռնատարների հարցը կլուծվի

Աբդոլահիանը` Բայրամովին․ Թեհրանն ակնկալում է, որ տարանցիկ բեռնատարների հարցը կլուծվի

PanARMENIAN.Net - Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ընդգծելով, որ Թեհրանում ակնկալում են Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնող իրանական բեռնատարների հարցի լուծումը, տեղեկացնում է Regionmonitor-ը։

Զրույցը կայացել է Ադրբեջանի և Իրանի միջև վերջին շաբաթներին սրված հարաբերությունների ֆոնին։

Հեռախոսազրույցի ընթաքում Հոսեյն Ամիր Աբդոլահիանն անդրադարձել է նաև Իրանից Հայաստան ձգվող ճանապարհի՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցած հատվածներում ի հայտ եկած խնդիրներին։ «Թեհրանն ակնկալում է, որ տարանցիկ բեռնատարների հարցը կլուծվի», -շեշտել է Աբդոլահիանը:

«Ընդգծելով պետությունների անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար հարգելու կարևորությունը՝ Բաքուն և Թեհրանը կապված են վաղեմի և կայուն հարաբերություններով։ Մենք չպետք է թույլ տանք, որ մեր միջև թյուրըմբռնումներ լինեն, անհրաժեշտ է հարաբերությունները տանել ամրապնդելու և ընդարձակելու ճանապարհով», - նշել է Իրանի արտգործնախարարը։

«Թեհրանն ու Բաքուն թշնամիներ ունեն և չպետք է հնարավորություն տան, որ այդ թշնամիները փչացնեն երկկողմ հարաբերությունները։ Տարաձայնությունները պետք է կարգավորվեն երկխոսության ու համագործակցության ճանապարհով»,- հավելել է Աբդոլահիանը։

Ադրբեջանի արտգործնախարարը ևս նշել է, թե երկու երկրները բարեկամական հարաբերություններ ունեն, և պնդել, թե դրանց պահպանումը գերակայություն է Բաքվի համար։

«Նախարար Բայրամովը կարևորել է առկա տարաձայնությունների կարգավորումը անկեղծ միջավայրում՝ երկխոսության միջոցով», -հաղորդել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հավելելով՝ Բայրամովն առաջարկել է, որ երկու երկրների մաքսավորները հանդիպեն և քննարկեն բեռնատարների տարանցման հարցը։

Սեպտեմբերի վերջից Բաքուն մաքսատուրքեր է պահանջում Գորիս-Կապան մայրուղու այժմ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող 21 կիլոմետրանոց հատվածով անցնող իրանցի վարորդներից։ Իրանցի երկու վարորդ ձերբակալվել է «Լեռնային Ղարաբաղ ապօրինի այցելելու» համար։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---